20.07.2020 13:47

Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսսադի» և ԿՀՎ-ի լրտեսին

Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսսադի» և ԿՀՎ-ի լրտեսին

Մահմուդ Մուսավի Մաջդը Իրանում մահապատժի է ենթարկվել ԿՀՎ-ի և իսրայելական արտաքին հետախուզության «Մոսսադ» ծառայության հետ համագործակցության մեղադրանքով, երկուշաբթի հաղորդել է Fars գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի քաղաքացի Մուսավի Մաջդը սովորել է Սիրիայի դպրոցներից մեկում, որտեղ տեղափոխվել էր ընտանիքով։ Անգլերենին և արաբերենին լավ տիրապետելու շնորհիվ նա, որպես թարգմանիչ, աշխատանքի է հրավիրվել Իրանի հետ համագործակցող սիրիական ընկերություններից մեկում։

Գործակալությունը նշում է, որ 2011 թ․ սիրիական հակամարտության սկսվելուց հետո Մուսավի Մաջդի ընտանիքը վերադարձել է Իրան, իսկ ինքը շարունակել է աշխատել Սիրիայում։ Աշխատելով որպես թարգմանիչ՝ նա կարողացել է մտերմանալ Դամասկոսում կառավարությանն օգնող իրանցի ռազմական խորհրդականների հետ և առնչվել գաղտնի տեղեկությունների։ Ըստ գործակալության՝ Մաջդը ԿՀՎ-ին, «Մոսսադին» և սաուդյան հատուկ ծառայություններին տվյալներ է հաղորդել Սիրիայում իրանական ԶՈՒ կազմի, սպառազինության և կապի միջոցների վերաբերյալ։

Հուլիսի 9-ին Իրանի գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին հայտարարեց, որ Իրանի իշխանությունները Մուսավի Մաջդին մահապատժի են դատապարտել լրտեսության և արտասահմանյան հատուկ ծառայություններին գեներալ Քասիմ Սուլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու համար։

Փոխանցում է tass.ru-ն