20.07.2020 17:04

Լիզա Ճաղարյան. Ծանր շաբաթ՝ ծանր հետեւություններով

Լիզա Ճաղարյան. Ծանր շաբաթ՝ ծանր հետեւություններով

Մեր զոհված լույսի պես տղաների համար արցունք թափելուն զուգահեռ՝ որքան էլ ոգեւորվենք Հայոց բանակի կարողությունների հանդեպ մեր ինքնավստահության ամրապնդմամբ, որքան էլ հպարտանանք մեր զինվորների աննկունությամբ եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների պարզ ու շիտակ պնդությամբ, հնարավոր չէ աչք փակել մի մռայլ իրողության հանդեպ, որը ողջ սրությամբ զգացինք մեր գերզգայուն դարձած մաշկի վրա։

Սահմանային գերլարված այդ օրերին հե՛նց Հայաստանի սրտում՝ մեր կողքին, ապրում են «Հայաստանի քաղաքացի» կոչվող ինչ-որ տխեղծ արարածներ ու խմբակներ, որոնց սպասելիքներն ու ցանկությունները գրեթե չեն տարբերվում սահմանի հակառակ կողմից կրակողների սպասելիքներից ու ցանկություններից։

Իրենք իրենց «ընդդիմադիր» անվանակոչած այս ոհմակները եւ սրանց վարձկան գրչակներն, իհարկե, անճոռնի փորձեր անում էին՝ թաքցնելու համար իրենց այդ դիվային տենչը։ Բայց չէր հաջողվում։ Իսկ չէր հաջողվում, որովհետեւ անկեղծությունը՝ եթե նույնիսկ դիվային անկեղծություն է, թաքցնելը գրեթե անհնար է, եւ այս վատ թաքցրած անկեղծության հետեւից երեւում էին իրականության երկար ականջները. այդ իրականության մասին բոլորս էլ գիտեինք, իսկ վերջին շաբաթվա ընթացքում կրկին ու կրկին համոզվեցինք։ Համոզվեցինք, որ միամտություն է մտածելը, թե սրանք հեղափոխությունից հետո են ատելությունից կուրացել, եւ սրանց գիտակցությունը մթագնել է տարիների ընթացքում կուտակած կողոպուտն ու իրենց ազատությունը կորցնելու սարսափից միայն, եւ կասկած չկա, որ իշխանություն կորցրած հանցախմբի համար ո՛չ իրենց իշխանավարության տարիներին, ոչ էլ առավել եւս՝ հիմա, երբե՛ք էլ առաջնայինը պետության շահը չի եղել։

Նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ այսօրվա «ընդդիմադիրների» դավաճանական կեցվածքն ընդամենը եւս մեկ անգամ գրեթե անթաքույց ցուցադրեց այն անհավատալի թվացող իրականությունը, որ ռոբասերժական տարիներին Հայաստանի ղեկը զավթել էր ավազակների մի խումբ, որի համար մեր պետությունն ընդամենը հարստություն դիզելու հարմար վայր էր, եւ այդ պետությունը որքան երկար դիմանար կեղեքումներին, այնքան ավելի լավ՝ կեղեքողների համար։ Չէր դիմանա, ուրեմն սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը կնվիրեին որեւէ «բարի քեռու», իսկ իրենք կկապեին իրենց քոչը ու կչքվեին որեւէ ապահով երկիր՝ «վաստակած հանգստի» իրավունքով կողոպուտը վայելելու։

Չափազանցություն չկա ասվածի մեջ։ Հակառակը. ստորագույն խարդավանքների ու չարչիական առուծախի վարագույրի հետեւում պատկերն առավել եղկելի է, քան հասարակ մահկանացուներս կարող ենք պատկերացնել։

Եվ սա հասկանալու համար պետք չէ Շերլոք Հոլմս լինել, ընդամենը բավարար է թեթեւակի աչքի անցկացնել հատկապես վերջին շաբաթվա սրանց ծառայող վարձկան լրատվամիջոցների հրապարակումները։ Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել ու համոզվել, որ հատկապես վերջին շաբաթվա ընթացքում սրանք շնչակտուր մրցում էին ադրբեջանական լրատվամիջոցների հետ, թե իրենցից ո՛ր մեկն ավելի շատ աղբ կլցնի Հայաստանի իշխանությունների գլխին ու կչարախնդա, եթե հանկարծ հայկական կողմն անհաջողություններ ունենա։

Հարց Հայաստանի իշխանություններին՝ դուք իրո՞ք կարծում եք, որ «ժողովրդավարություն» նշանակում է՝ պետության դեմ գործող, պետության հիմքերը խարխլող, պետության ինքնիշխանությունը վտանգող ոհմակների նկատմամբ թավշյա հանդուրժողականություն։