24.07.2020 14:15

Լիզա Ճաղարյան. Սա հենց էդ դեպքն է. մարդ չգիտի՝ խնդա, թե լա

Լիզա Ճաղարյան. Սա հենց էդ դեպքն է. մարդ չգիտի՝ խնդա, թե լա

Չգիտեմ՝ ով է հիշում կամ ով է մոռացել, բայց ես երբեք չեմ մոռանա, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ հեղափոխությունից օրեր անց՝ նորընտիր վարչապետն «ավետեց», որ ոստիկանապետ է նշանակել Վալերի Օսիպովին. մի մարդու, որ 2008-ի եւ դրան հաջորդած բոլոր ցույցերի եւ բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների «պետականափրկիչ» առաքելությունն էր մեծ նվիրումով իրականացնում Ռոբերտ Մելքոնյան-Բազազի հետ ուս ուսի։

Այդ տարիների մի մասը Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր, իսկ հետագայում՝ բանտախցում էր նստած, եւ Օսիպովի ողջ «հմայքն ու թշվառությունը» գուցե իր մաշկի վրա չի զգացել, բայց Օսիպովի նշանակմամբ՝ 2008-ի մեր պայքարի ընկերը, կարծես, «կայծակ հեռագիր» ուղարկեր մեզ՝ նաեւ ի՛ր ազատության համար պայքարողներիս, որ մեր ցավն իր ցավը չի, մեր «վայելած» վիրավորանքները, բռնությունները, խոշտանգումներն իր հետ կապ չունեն։

Դե, չունենք՝ չունենք։ Անկեղծ ասած՝ ինձ համար այնքա՛ն միեւնույն է, թե ինչ է մտածում Փաշինյանն իմ ու իմ ընկերների մասին։ Վարչապետի նշանակած ցանկացած պաշտոնյայի կամ կառավարության առաջադրած ցանկացած թեկնածուի «հայտնությունը» ինձ, նաեւ՝ առնվազն կոնգրեսական իմ այն ընկերներին, որոնց անվերապահորեն հարգում եւ հավատում եմ, հետաքրքրում է միայն մեկ դիտաչափով՝ այդ նորանշանակ պաշտոնյան կարո՞ղ է իր գործունեությամբ մաքրել նախկին վարչակարգի հանցագործությունների հետքերը եւ կարո՞ղ է սրտացավորեն աջակցել նոր իշխանությանը՝ հեղափոխության նպատակներն անշրջելի դարձնելու համար։

Թե ինչպիսի ոստիկանապետ էր Վալերի Օսիպովը՝ տեսանք։ Եվ թե հիմա որտեղ է՝ դա էլ գիտենք։

Վարչապետի, շատ մեղմ ասած՝ տարօրինակ կադրային քաղաքականության մեջ չեմ ուզում խորանալ. Օսիպովին հիշեցի, որովհետեւ ա՛յս նշանակումն էր առաջին «ապտակը», որ ստացան նախկինների դեմ տարիներ շարունակ փողոցներում պայքարող Հայաստանի ըմբոստ քաղաքացիները։

Երեկ կառավարության նիստին էի հետեւում։ Գաղափար չունեի, թե ով է կառավարության առաջադրած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, ասել է թե՝ կանխակալ վերաբերմունք չունեի։ Տարակուսա՞նք. իհարկե՝ կար։ Բնական հարց է, որ կարող է ծագել ցանկացած Հայաստանի քաղաքացու գլխում՝ եթե այս մարդն արժանավոր թեկնածու է, ինչո՞ւ տարիների այս թոհուբոհում որեւէ քայլով աչքի չի ընկել։ Աչքի չընկավ նաեւ կառավարության նիստում։ Իսկ իր առաջադրումից հետո՝ սեփական նախաձեռնությամբ ձայն խնդրելով եւ «շպառգալկայի» օգնությամբ «պիոների երդում» հիշեցնող շնորհակալական խոսք ասելով՝ ընդամենը դեմքիս հայտնված թերահավատ ու հեգնախառն ժպիտն ավելի ընդգծեց։

Ահա այսպես հեգնախառն ժպիտս առած նստած էի, ու մեկ էլ կայքերից մեկում կարդում եմ, որ երկու տարուց ավելի նախկինների դրածո Թովմասյան Հրայրի քաղաքական խարդավանքների ձեռքին «խրամատ» դարձած Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամային վիճակից ազատվելու համար կառավարության հույս Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Հենց ա՛յն Դավիթ Ավետիսյանի, որի թեթեւ ձեռքով «դակվել են» ռոբասերժիկական տարիներին ազատազրկված բոլոր քաղբանտարկյալների խայտառակ դատավճիռները։

Չէ, ես չեմ թվարկի հարյուրավոր քաղբանտարկյալների անունները, լրատվամիջոցներն արդեն իսկ հեղեղված են այդ մարդկանց անունների թվարկումներով, եւ մեր պետության ճակատագրով քիչ թե շատ մտահոգվողները հիանալի գիտեն, իսկ ՀՀ կառավարության ղեկավարը բոլորից լավ գիտի, մանավանդ որ՝ այս նույն Դավիթ Ավետիսյանն է անփոփոխ թողել նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի յոթ տարվա անազատության վճիռը, չեմ էլ հիշեցնի, որ նույն Նիկոլ Փաշինյանն է քանիցս հայտարարել, որ հետամուտ է լինելու, որ մինչեւ վերջին մարդը բացահայտվեն եւ օրենքի առաջ պատասխան տան Մարտի 1-ի ողբերգությունը սանձազերծողներն ու անարդար դատավճիռներ կայացնողները։

Դավիթ Ավետիսյանի որդու աջակցությա՞մբ, պարոն Փաշինյան։

Իաաա, իրո՞ք՝ իսկը շատ տեղին կասեր Սերժիկ Սարգսյանը։

Այս առիթով ընդամենը մի շարք հարցերով հակադարձեմ «մի՞թե որդիները պատասխանատու են իրենց ծնողների արարքների համար» սրտառուչ հարցը տվողներին։

Չէ, պատասխանատու չեն մինչեւ այն պահը, երբ, օրինակ, այդ որդուն առաջադրում են Սահմանադրական դատարանի դատավոր։ Մինչ այդ կարծեմ այս նույն Վահրամ Ավետիսյանը հանգիստ խղճով եւ նույն հանդարտությամբ ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ է աշխատել, եւ այսօրվա տարակուսողներից ոչ մեկն այդ մարդու գոյության մասին չի էլ իմացել, ու հետաքրքիր էլ չի եղել։

Բայց եթե այդ նույն մարդուն կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուզում է տեսնել երկարատեւ ճգնաժամից հյուծված Սահմանադրական դատարանում՝ նրանից ակնկալելով աննահանջ անաչառություն, ուրեմն նույնիսկ աննշան տրամաբանություն ունեցող ցանկացած քաղաքացու, առավել եւս՝ կառավարությանն ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հետաքրքրի, թե ինչպես է պահել իրեն նախկին հանցագործ վարչակարգի տարիներին այդ ՍԴ դատավորի թեկնածուն, թե քաղաքացիական ի՞նչ դիրքորոշում է արտահայտել կամ արտահայտե՞լ է արդյոք այդ տարիների բեսպրեդելի նկատմամբ, թե դատաիրավական ի՞նչ խայտառակ վճիռների դեմ է ընդվզել, կամ՝ կա՞ արձանագրված գեթ մեկ փաստ, որ Վահրամ Ավետիսյանը թեկուզ կիսաձայն հրապարակավ անհանգիստ շարժումներ է արելէ իր հարազատ հոր եւ նախկին իշխանության աղաղակող անարդարությունների տակ կիսամեռ լինող դատավճիռների դեմ։

Այս հարցերի պատասխանը մեկն է՝ ո՛չ։

Հաճույքով կհեգնեի՝ բարի վայելում, պարոն վարչապետ։ Բայց, ցավոք, Նիկոլ Փաշինյանի «առեղծվածային» կադրային քաղաքականության պտուղներն առաջին հերթին «վայելում ենք» եւ դեռ «վայելելու ենք» Հայաստանի քաղաքացիներս։