26.07.2020 23:17

Ռաֆայել Թեյմուրազյան. Իշխանությունը պետք է հրաժարվի Վ. Ավետիսյանին ՍԴ դատավոր ընտրելու մտքից

Ռաֆայել Թեյմուրազյան. Իշխանությունը պետք է հրաժարվի Վ. Ավետիսյանին ՍԴ դատավոր ընտրելու մտքից

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Մարտի 1-ին սպանվածների հարազատները և նախկին քաղբանտարկյալները երեկ հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով Վ. Ավետիսյանին կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կապակցությամբ։

4.5 ժամ հետո եղավ դատավորի թեկնածուի արձագանքը։ Մտահոգությունները փարատելու, կրքերը հանդարտեցնելու փոխարեն Վ. Ավետիսյանը նախընտրել է պիտակավորել դրանց հեղինակներին։ ՍԴ դատավորի բարձր պաշտոնին հավակնող թեկնածուն գտնում է, որ «հայտնի անհայտներին» արձագանքելն անիմաստ է, քանի որ «ակնհայտ են» նրանց «նեղ անձնական, հատվածական և խմբակային շահերը (...) և բարոյական կերպարը»։ Թե ինչ «նեղ անձնական» կամ «խմբակային շահ» ունեն սպանվածների հարազատները կամ տարիներով հանիրավի բանտերում անցկացրած նախկին քաղբանտարկյալները, Վ. Ավետիսյանը չի նշել։ Ավելին՝ քննադատների «բարոյական կերպարի» մասին նշելուց առաջ ակնարկել է իր իսկ բարձր «մասնագիտական, բարոյական և մարդկային որակների» մասին։

Վ. Ավետիսյանն ակնհայտորեն բորբոքել է իր թեկնածության շուրջ հանրային մտահոգությունները, որի առիթ էր հանդիսացել նաև այն, որ վերջինիս հայրը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դ. Ավետիսյանն է, որի ղեկավարությամբ Վճռաբեկը վավերացրել է Մարտի 1-ի մասին Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կեղծ թեզը՝ դակելով նախկին քաղբանտարկյալների (ներառյալ Ն. Փաշինյանի) նկատմամբ ապօրինի դատվճիռները։ Դրանք վերանայվում են Եվրոպական դատարանում, իսկ 2018-ից հետո նախկին քաղբանտարկյալներն արդարացվում են Հայաստանի դատարանի կողմից։

Երկրում ցուցարարների գնդակահարության, մարդկանց իրենց տներից վտարելու և բազմաթիվ այլ ապօրինությունների պարագայում իրավաբանի՝ լայն հանրությանն անհայտ լինելու հանգամանքն ինքնին մտահոգվելու առիթ է, իսկ մտահոգություններին դատավորի թեկնածուի արձագանքը լրացուցիչ բորբոքել է իրավիճակը։ Ակնհայտորեն այս ամենը չի նպաստելու ՍԴ հեղինակության բարձրացմանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը, ուստի կարծում եմ՝ իշխանությունը պետք է հրաժարվի Վ.Ավետիսյանին ՍԴ դատավոր ընտրելու մտքից»։