26.07.2020 23:37

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. Դու օգտվել ես նրա տրամադրած բարիքներից, ընտրել նույն մասնագիտությունը, որը նրան էր բանդիտիզմի որոգայթի մեջ կոկոնել

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. Դու օգտվել ես նրա տրամադրած բարիքներից, ընտրել նույն մասնագիտությունը, որը նրան էր բանդիտիզմի որոգայթի մեջ կոկոնել

Գեւորգ Տեր-Գաբրիելյանը Ֆեյսբուքում գրել է.

«Сын за отца не отвечает – ինչպես գիտենք, Ստալինը սա ասաց՝ խաբելով: Իհարկե, ողջ ստալինիզմի շրջանում – հետո էլ – զավակներին անարդար կերպով հետապնդում էին լոկ նրա համար, որ հետապնդել էին, անարդար կերպով, իրենց ծնողներին:

Բայց կա մի նույնություն մեր օրերի հետ. չնայած այս բառերը պիտի որ իրոք անհերքելի իմաստություն լինեին – սա ասողները կրկին մեզ խաբում են այսօր: Բանն այն է, որ երջանիկ է նա, ում ծնողները գող ու ավազակ չեն եղել. թող հետապնդված լինեն անարդար կերպով: Բայց եթե հայրդ եղել է «լավ մարդ», «հոյակապ անձնավորություն», միայն՝ «իր ընտանիքի համար», ինչպես մեր ցեխավիկները, կոռուպցիոներները, գողականներն են սիրում բնորոշել իրենք իրենց, բախտդ չի բերել:

Իհարկե, դու կարող էիր կտրվել նրանից, հենց որ հասկացար՝ ով է նա, գնալ թափառելու, քո կյանքն ապրելու, առանձին մարդ դառնալու, քո անունը վաստակելու:

Բայց դու դա չես արել. դու օգտվել ես նրա տրամադրած բարիքներից, ընտրել նույն մասնագիտությունը, որը նրան էր բանդիտիզմի որոգայթի մեջ կոկոնել, և գալիս ես անելու այն գործը, որը պիտի քննի նրա արածի անօրինությունը:

Կարո՞ղ ես դու խուսափել շահերի բախումից: Ոչ:

Ինքնասպանվու՞մ է ռեֆորմի նպատակն այս դեպքում. այո:

Իրենց սխա՞լ, խաբվա՞ծ, քցվա՞ծ են զգում բոլոր նրանք, ովքեր պայքարում էին հանուն ռեֆորմի, հակաճառելով հակառակորդների այն դրույթին, որ սա ռեֆորմ չէ, զուտ անձնական հաշվեհարդար է. այո:

Ավաղ, сын за отца отвечает, և եթե դու իրոք այլ լցոնման մարդ ես, այլ արժեքների՝ հրաժարվիր, ապրիր քո կյանքը, մի՛ խառնվիր հայրիկիդ ճակատագրին, ո՛չ որպես հեղափոխությունը թաքուն սաբոտաժող, ո՛չ էլ որպես հնարավոր Պավլիկ Մորոզով: Քավի՛ր նրա մեղքը, թեկուզ էզոթերիկ իմաստով՝ լինելով այլ կարգի մարդ: Այդ է քեզ բաժին ընկել:

Ծանր է, գիտեմ: Աստված նրա հետ էլ, քեզ հետ էլ: Դիմանալ է պետք: Իսկ որ այդքան ծանր չլինի՝ բոլոր ծնողներին պատգամ – մի՛ դրեք ձեր զավակներին այդպիսի ընտրությունների առջև»: