27.07.2020 00:18

Իզաբելլա Սարգսյան. Ի՞նչ եք արել 2008-ին ու դրանից հետո

Իզաբելլա Սարգսյան. Ի՞նչ եք արել 2008-ին ու դրանից հետո

Իզաբելլա Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Քանի որ կառավարության ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանը խոսել է սեփական և ուրիշների (այդ թվում իմ) բարոյականության մասին, ինձ իրավունք վերապահեմ, երկու հարց էլ նրան տալու՝ նաև բարոյականության կոնտեքստում։ Ուրեմն, 2008-2009 թվերին, երբ պարոն Ավետիսյանը զուգահեռաբար ավագ դատախազ էր պետական շահերի պաշտպանության վարչությունում ու խորհրդատու Ռուբեն Հայրապետյանի բանկում՝

❗️ Հայաստանցի դիվանագետներ, ներառյալ ԱԳՆ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը և խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հեռացվում են աշխատանքից ու զրկվում դիվանագիտական ռանգից՝ նամակ ստորագրելու համար։ Բարոյականությունը սա՛ է։
❗️Բազմաթիվ փաստաբաններ դատարանից դատարան, մեկուսարան, բանտ ու դատապարտյալների հիվանդանոց են վազում, 100-ից ավելի քաղբանտարկյալների գործերով։ Բարոյականությունը սա՛ է։
❗️ Բազմաթիվ իրավապաշտպաններ ճղվում են բանտերի ու միջազգային կառույցների արանքում, օր առաջ մարդկանց ազատելու նպատակով։ Բարոյականությունը սա՛ է։

Բազմաթիվ մարդկանց աշխատանքից ազատում են և մինչ օրս չեն վերականգնում քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար։
❗️ Մի շարք ուսանողներ դուրս են մնում համալսարաններից ու կրթությունը շարունակելու հնարավորությունից զրկվում։ Մարդիկ գիտեմ, որ մինչ օրս ԲՈՒՀ-ը չեն ավարտել, քանի որ գնացքը գնացել է։

Էլ չասեմ, որ 2008-ից հետո ամեն մեկս կյանքում առաջնայնությունները սահմանելու խնդիր ենք լուծել՝ հրաժարվելով ամենատարբեր մեծ ու փոքր պլաններից։ Վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջին քաղբանտարկյալը ազատ չի արձակվել, շատ շատերը գիշեր-ցերեկ չեն ունեցել։

Հիմա ձեզ հարց, պարոն դատավորի թեկնածու, ձեր հայրիկի արարքներից դուրս, դուք ու հենց դուք՝

✔️Ի՞նչ եք արել 2008-ին ու դրանից հետո, ո՞րն է ձեր դիրքորոշումը սահմանադրական կարգի տապալման, քաղբանտարկյալների և ագուցված հարցերի վերաբերյալ;
✔️Աշխատելով պետական շահերի պաշտպանության վարչությունում, ո՞րն է ձեր դիրքորոշումը պետական գերակա շահի և Հայաստանում դրա կիրառման մասին;

Բացի կոմերցիոն կազմակերպություններից ծառայություններ մատուցելուց, ո՞րն է ձեր ներդրումը հանրային շահի ու հասարակությանը հուզող հարցերի շուրջ։
✔️Լինելով կոմերցիոն իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերվում Ամուլսարի, Ֆիրդուսի և այլ հանրային առաջնային կարևորություն ունեցող հարցերին։

Հուսամ, այս հարցերը կհնչեն նաև ԱԺ ամբիոնից»։