27.07.2020 10:47

Կորոնավիրուս․ Աշխարհում վարակակիրների թիվն անցել է 16 միլիոնից

Կորոնավիրուս․ Աշխարհում վարակակիրների թիվն անցել է 16 միլիոնից

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 16 միլիոնից, համավարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 640 հազար մարդ։ Ամենավատթար վիճակում Միացյալ Նահանգներն է՝ 4 միլիոնից ավելի հիվանդ և ավելի քան 146 հազար մահ։

Հանգստյան օրերին Բրիտանիայի և Իսպանիայի միջև վեճ է ծագել նորից կարանտին մտցնելու հարցի կապակցությամբ։ Իսպանիայից Բրիտանիա ժամանող բոլոր անձինք այսուհետև կրկին պետք է երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ լինեն։ Իսպանիայի ԱԳՆ-ն առարկում է՝ պնդելով, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը վտանգավոր չէ։

Կիրակի օրը Ֆլորիդան դարձել է ԱՄՆ երկրորդ նահանգը, որտեղ Covid-19-ով օրական վարակվածությունը գերազանցել է Նյու Յորքի ցուցանիշը․ այստեղ արձանագրվել է վարակման 9 300 նոր դեպք։

ԱՄՆ-ում Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը ծրագրում է սկսել Covid-19-ի թեստավորման երրորդ փուլը, որին մասնակցելու է 30 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում մարդկանց վրա փորձարկումների մակարդակին է հասել 29 հեռանկարային պատվաստանյութ։

Փոխանցում է BBC-ն։