27.07.2020 10:55

Աշոտ Սարգսյան. Իշխանությունը մտածելու բան ունի

Աշոտ Սարգսյան. Իշխանությունը մտածելու բան ունի

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրված թեկնածության առիթով հրապարակվեց «Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների եւ զոհերի հարազատների հայտարարությունը Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կառավարության որոշման մասին» ընդարձակ հայտարարությունը։
Այս փաստաթղթում բերված հիմնավորումները եւ այն ստորագրողների (շուրջ 6 տասնյակ) ցանկը լիուլի բավարար են փաստաթուղթը խիստ ծանրակշիռ համարելու համար։ Իսկ ծանրակշիռ փաստաթղթերին կա՛մ պետք է պատասխանել ավելի ծանրակշիռ փաստարկներով, կա՛մ, պարզապես, պետք է լռելու տարրական խելամտություն ունենալ։ Այդ դեպքում, որքան էլ «զոռելով», բայց ձեւականորեն կարող էր աշխատել «Հայրերի համար որդիները պատասխանատու չեն» բանաձեւը։
Վ. Ավետիսյանը շտապեց պատասխանել. «Ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։

Քաղբանտարկյալների եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության հասցեատերը կառավարությունն է։ Միայն այն փաստը, որ դրան շտապում է պատասխանել Վ. Ավետիսյանը, բավարար է՝ լայն սպեկտրով նրա ընկալելու եւ կողմնորոշվելու ունակությունների մակարդակի մասին գաղափար կազմելու համար (կարծեմ այդ հատկանիշները պետք են ՍԴ դատավորին)։

Իսկ այն՝ ինչ ասում է ՍԴ դատավորի թեկնածուն քաղբանտարկյալների եւ զոհերի հարազատների մասին, ոչ միայն բարոյական ինքնասպանություն է, այլեւ հենց մասնագիտական անգրագիտություն։
Այնպես որ իշխանությունը մտածելու բան ունի՝ ինչպե՞ս է այս որակների, մակարդակի ու բարոյական կերպարի մարդը հասել գիտությունների դոկտորի աստիճանի եւ ամբիոնի վարիչի պաշտոնի»։