27.07.2020 11:09

Covid-19-ի առաջին դեպքը ԿԺԴՀ-ում

Covid-19-ի առաջին դեպքը ԿԺԴՀ-ում

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է «երկրում կորոնավիրուսի կասկածանքով առաջին դեպքի» մասին։

Ինչպես հաղորդել է KCNA գործակալությունը, հիվանդությունը հայտնաբերվել է մի մարդու մոտ, որը երեք տարի առաջ «անցել» էր Հարավային Կորեա, բայց անցյալ շաբաթ հատել է սահմանը ու վերադարձել հայրենիք։

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինն այդ առիթով կառավարության արտակարգ նիստ է անցկացրել և հանձնարարել է կարանտինային միջոցներ ձեռք առնել սահմանային Քեսոն քաղաքում։

Նախկինում ԿԺԴՀ-ն հայտարարում էր, որ երկրում Covid-19-ի դեպքեր չկան, ինչը, վերլուծաբանների կարծիքով, քիչ հավանական էր։

KCNA գործակալությունը նաև հաղորդել է, որ Կիմ Չեն Ինը հանձնարարել է հետաքննություն սկսել՝ պարզելու այն հանգամանքները, թե ինչպես է փախստականը կարողացել հատել լավ պաշտպանվող սահմանը, և նախազգուշացրել է, որ դրա պատասխանատուներին լուրջ պատիժ է սպառնում։

Մինչդեռ Հարավային Կորեան վերջին օրերին սահմանն ապօրինաբար հատելու դեպքերի մասին չի հաղորդել։

Փոխանցում է BBC-ն։