27.07.2020 11:38

Աբսուրդը պաշտպանել հնարավոր չէ և պետք չէ

Աբսուրդը պաշտպանել հնարավոր չէ և պետք չէ

Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հարցը շարունակում են միահամուռ քննադատել հասարակական ու քաղաքական ակտիվ շրջանակները։ Թվով 50 քաղբանտարկյալներ, Մարտի 1-ի զոհերի հարազատներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն իրենց զայրույթն ու հիասթափությունն են արտահայտել այս կապակցությամբ։

Մինչդեռ զարմանալիորեն լուռ է իշխանությունը։ Մինչ օրս իշխանության որևէ ներկայացուցիչ՝ լինի գործադիր, թե օրենսդիր, կամ նրան սատարող հասարակական շրջանակներից, որևէ կերպ չի պաշտպանել իշխանության այս, մեղմ ասած, տարօրինակ որոշումը։ Այն պարզ պատճառով, որ անհնար է արդարացում գտնել մի բանի, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Նախ, այն ամբողջությամբ հակասում է իշխանությունների կողմից ժողովրդավարական Հայաստան կառուցելու, մարտիմեկյան ոճրագործության լիակատար բացահայտման և համազգային այդ վերքի ապաքինման խոստումներին։ Առավել ևս, սա խնդրահարույց է իրավական-գործնական տեսանկյունից, քանի որ Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ-ում գտնվելու պարագայում առաջանալու է կոնկրետ շահերի բախում, եթե ՍԴ-ում սկսվի 2008-ի քաղբանտարկյալների բողոքների քննությունը։ Քանի որ քաղբանտարկյալների մեծամասնության նկատմամբ իրականացված հետապնդումներին ապօրինաբար «իրավական» տեսք է տվել նրա հայրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական գործերի պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը։

Փոխարենը, սակայն, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը կրծքով պաշտպանում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց սատարող լրատվական հարթակները, որոնք կաշվից դուրս գալով՝ փորձում են սևացնել բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են առել կառավարության այս որոշման ողջամտությունը։ Մասնավորապես, «Հրապարակ» կայքում ոմն Սվետա Մարտիրոսյան 50 քաղբանտարկյալների ու Մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի հայտարարությունը որակել է որպես ստալինյան շրջանի մատնագիր։ Հասարակությանն անհայտ այս «ինտելեկտուալ հսկան», սակայն, չգիտի, որ հրապարակային մատնագիր չի լինում։ Ստալինյան շրջանում այդ մատնագրերը ոչ թե հրապարակային էին, այլ գաղտնի։ Հրապարակային էին միայն Ստալինի գործողություններին  աջակցելու նպատակով արվող կոլեկտիվ հայտարարությունները, որոնք ողջունում էին ժողովրդի թշնամու կամ թշնամիների խմբի չեզոքացումը՝ հիմնականում մահապատիժների միջոցով։

Ինչևէ։ Կառավարությունն այս աբսուրդ որոշմամբ իրեն դրել է անհարմարագույն վիճակի մեջ։ Բայց քանի դեռ բանը բանից չի անցել, իշխանությունն ունի այս իրավիճակից դուրս գալու ելքեր։ Ամենակարճն ու ցանկալին, իհարկե, կլինի, եթե իշխանությունը վերանայի իր որոշումը և ԱԺ-ին առաջարկի այլ թեկնածություն։ Եթե այս առումով առկա է սեփական որոշումը վերանայելու հոգեբանական բարդություն, ապա Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը կարող է մերժել Ազգային ժողովը՝ հնարավորություն տալով Կառավարությանը՝ ընտրել այլ թեկնածու։ Ի վերջո, որպես երրորդ ճանապարհ, կա հետևյալ տարբերակը․ որ Դավիթ Ավետիսյանի գործունեությանը տրվի սպառիչ քրեա-իրավական գնահատական, նա ստանա իր արժանի պատիժը դատաիրավական համակարգը խեղելու և մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի դատապարտելու գործում էական ներդրում ունենալու համար, որից հետո իշխանությունը հանգիստ խղճով նրա որդուն կարող է առաջադրել Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու։ Այլևս բացառված կլինի հնարավոր շահերի բախումը, և էականորեն կթեթևանա Վահրամ Ավետիսյանի բեռն այդ պատասխանատու պաշտոնում։

Վարդան Հակոբյան