27.07.2020 12:03

Խաբարովսկ․ Դեգտյարյովն առաջին անգամ դուրս է եկել ցուցարարների մոտ

Խաբարովսկ․ Դեգտյարյովն առաջին անգամ դուրս է եկել ցուցարարների մոտ

Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարյովն առաջին անգամ դուրս է եկել երկրամասի նախկին նահանգապետ, կալանավորված Սերգեյ Ֆուրգալի կողմնակիցների մոտ, որոնց նախկինում անվանել էր «պատուհանի տակ ճչացողներ» և հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել նրանց հետ։

Դեգտյարյովը Լենինի հրապարակում հավաքվածների մոտ է հայտնվել ժամը 23․00-ին, երբ ակցիայի մասնակիցների մեծ մասն արդեն ցրված է եղել։ Նա մոտավորապես կես ժամ պատասխանել է իրեն շրջապատած մարդկանց։

Նախ, Դեգտյարյովին հարցրել են, թե ինչու է այդ ուշ ժամին դուրս եկել ցուցարարների մոտ։ «Խաբարովսկցիներն արդեն ցրվել են, այստեղ հիմնականում «Э» կենտրոնի (ՌԴ ՆԳ Էքստրեմիզմի դեմ պայքարի գլխավոր վարչություն)  աշխատակիցներն են»,- ամբոխի միջից ասել է մեկը։ Ընդդիմադիր ակտիվիստները համոզված են, որ Դեգտյարյովին հիմնականում շրջապատել են ոչ թե իսկական ցուցարարները, այլ հատուկ վարձված մարդիկ։

Հավաքվածները Դեգտյարյովին հարցրել են, թե նա չի՞ կարծում, որ կալանավորված Սերգեյ Ֆուրգալի դատավարությունը պետք է տեղափոխել Խաբարովսկ։ Նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանել է, թե որպես պաշտոնատար անձ՝ ինքը չի կարող մեկնաբանել դա։ «Բայց կարող եմ անձնական կարծիքս հայտնել, որ դատավարությունը պետք է բաց լինի»,- հավելել է Դեգտյարյովը՝ նաև կոչ անելով դադարեցնել ցույցերն ի պաշտպանություն Ֆուրգալի։

Փոխանցում է BBC-ն։