27.07.2020 14:01

4rd.am Կարելի է ևս մի շանս էլ Հրայր Թովմասյանին տալ

4rd.am Կարելի է ևս մի շանս էլ Հրայր Թովմասյանին տալ

Զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար: Բայց կառավարությունները պատասխանատու են իրենց գործողությունների և կադրային քաղաքականության համար:

Հասարակությունն ըմբռնումով մոտեցավ իշխանության արդեն մեկ տարուց ավել ձգվող անկարողության շքերթին՝ Սահմանադրական դատարանը ռևանշիստների բաստիոնից բարձր և անաչառ դատարան վերածելու փորձերին: Բայց կարծես թե իշխանությունների դուրն եկել է թիթեռ նկարելու գործընթացը, և հիմա էլ որոշել են Վահրամ Ավետիսյան անունով մեկին դատավոր կարգել:

Տպավորություն է, որ իշխանության վերնախավը ամենից ականջալուրը ռևանշիստների քննադատության նկատմամբ է: Նրանք ասում էին, որ իշխանությունը ցանկանում է իրեն քիմքին հաճելի ՍԴ կազմավորել, իշխանությունն էլ տարավ բերեց և այնպիսի թեկնածու առաջադրեց, որ ռևանշիստներն էլ են ցայտնոտի մեջ՝ քննադատել, թե ոչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Այսինքն՝ իշխանությունը ոչ թե ցանկանում է իսկապես անաչառ, սկզբունքային և ստվերային պայմանավորվածություններից զուրկ ՍԴ ունենալ, այլ առաջադրել այնպիսիներին, որոնք ընդունելի կլինեն նաև նախկինների համար և ավելի քիչ քննադատության կարժանանան: Այդ դեպքում պարզապես ավելի շքեղ կլիներ, ասենք, Ալվինա Գյուլումյանի թեկնածությունը կրկին առաջադրելը: Թող հայտնի ուժերը գնային ու գլուխ կոտրեին, թե ինչ ստվերային պայմանավորվածություններ են առաջացել իշխանությունների և տիկին Գյուլումյանի միջև:

Հասարակությունը մինչև հիմա տարակուսանքի մեջ է, թե ինչպես Վանեցյանին նշանակեցին ԱԱԾ պետ: Իմիջիայլոց, ինչպես Ավետիսյանի դեպքում, այնպես էլ Վանեցյանի պարագայում ոչ միայն խնդրահարույց էր նախկինում մերժված ռեժիմին սպասարկելու գործոնը, այլ նաև ծնողների անցած ճանապարհը և նրանց ծառայությունները Քոչարյանին և Սարգսյանին: Հիշեցնենք, որ Վանեցյանի մայրը երկար տարիներ աշխատում էր կառավարությունում և որպես կադրերի վարչության պետ՝ չէր կարող չվայելել վերոհիշյալ երկուսի անվերապահ աջակցությունը և վստահությունը: Տեղյակ մարդիկ արդեն այն ժամանակ էին վստահ պնդում, որ Վանեցյանի մայրը չի կարող կտրել այն բոլոր կապերը, որ ունեցել է վերջին 20 տարիներին:

Ընդամենը մեկ դատավոր է պակասում, որ ռևանշիստները կրկին մեծամասնություն կազմեն Սահմանադրական դատարանում: Մտավախություն կար, որ նախագահը և դատարանների խորհուրդը կցանկանան խնդրահարույց թեկնածուներ առաջադրել, բայց կարծես թե կառավարությունը շտապում է այդ հացն էլ խլել վերոհիշյալ երկու ինստիտուտներից: Այն ինչ կարող են իրենք անել, ինչու թողնեն ուրիշների վրա:

Սովորաբար խելացիները սովորում են ուրիշների սխալների վրա: Գործող իշխանությունները ի վիճակի չեն անգամ հետևություններ անել սեփական սխալներից:

Վահրամ Ավետիսյանին դատավոր առաջադրելը ոչ թե շանս տալ է, այլ հանրությանը զրկել անբիծ հետագիծ ունեցող դատավորներից կազմված ՍԴ ունենալու շանսից:

Արիս Վաղարշակյան 

4rd.am