27.07.2020 14:21

ԱՄՆ-Չինաստան․ դիվանագիտական առաքելությունների պատերազմ

ԱՄՆ-Չինաստան․ դիվանագիտական առաքելությունների պատերազմ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը չինական Չենդու քաղաքում։

Իր հերթին՝ չինական ԶԼՄ-ները հաղորդել են, որ  դիվանագիտական առաքելության շենքի տանիքից իջեցվել է ամերիկյան դրոշը։

Հյուպատոսության աշխատանքը դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 10։00-ին, հաղորդել է ТАСС-ը։

Պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ, այնուհանդերձ, հյուպատոսական ծառայությունը շարունակում է գործել այլ դիվանագիտական առաքելությունների միջոցով։

ՉԺՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չենդուում ամերիկյան հուպատոսության շենքը փոխանցվում է կառավարության տնօրինմանը։

Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Պեկինից պահանջել էր փակել Հյուսթոնում իր գլխավոր հյուպատոսությունը և դրա համար տվել էր 72 ժամ ժամանակ։ Վաշինգտոնն իր այդ քայլը բացատրել էր «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», «ուսանողների փոխանակման համակարգը ոչ պատշաճ օգտագործելու» և «աշխատակիցների՝ ընդունված դիվանագիտական վարքագծին չհամապատասխանող վարք դրսևորելու» հանգամանքներով։

Նույն օրը Չինաստանը Վաշինգտոնին Չենդուում դիվանագիտական առաքելությունը փակելու պահանջ էր ներկայացրել։

Փոխանցում է euronews-ը։