27.07.2020 21:50

Լիզա Ճաղարյան. Տարբերությունը հետո կզգաք, տիկին Մակունց

Լիզա Ճաղարյան. Տարբերությունը հետո կզգաք, տիկին Մակունց

«Ինչ թեկնածու էլ առաջադրվեր, միեւնույն է, որոշակի իրարանցում լինելու էր այդ թեկնածուի անվան շուրջ», - ըստ «Հայկական ժամանակի», ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ՀՀ կառավարության նախընտրած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի «հայտնությանը» հաջորդած բուռն քննարկումների մասին։

2008-ի Մարտի 1-ի զոհերի հարազատների ու քաղբանտարկյալների հայտարարությունն այս խնդրի կապակցությամբ՝ այս նույն «ՀԺ»-ն չհրապարակեց (մեկ էլ՝ չհրապարակեցին բազմաթիվ ռոբասերժական ԶԼՄ-ներ), բայց ամեն դեպքում ողջունելի է, որ տարիներ առաջ ոչ մի քաղբանտարկյալի կամ Մարտի 1-ի տուժածների չանտեսող այս լրատվամիջոցը վերջապես անդրադարձավ հանրությանն ալեկոծած այս խնդրին։

Թեկուզ՝ հպանցիկ։

Ճշմարիտ, ճշմարիտ է ասում տիկին Մակունցը. ինչ թեկնածու էլ առաջարկեր ՀՀ կառավարությունը, քննադատողներ լինելու էին։ Հայհոյողներ ու հեգնողներ՝ նույնպես։

Եվ ոչ միայն՝ ՍԴ թեկնածուների պարագայում։

Իշխանափոխությունից ի վեր, Հայաստանի քաղաքացիներն ամեն օր՝ առավոտից մինչեւ հաջորդ առավոտ կարդում ու ունկնդրում են լրատվական դաշտի գերակշիռ մասն իրենց տիրապետության տակ առած իշխանազրկված նախկինների եւ նրանց «աջարակիցների» քննադատությունը՝ թույլատրելիի բոլոր սահմանները հատած մակարդակով։

Նոր բան չէ։

Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումից հետո նորությունն այն է, որ քննադատողները վերոնշյալ խմբակի անդամները չեն (նրանք «համեստորեն» վայելում են այս թեկնածուի «հայտնությունը»), ոչ էլ՝ սրանց ծառայող լրատվամիջոցներն են։

Վահրամ Ավետիսյանի թեկնածության դեմ բարձրաձայնում են Հայաստանի այն քաղաքացիները, որ հեղափոխության օրերին պայքարել են այսօրվա իշխանության կողքը կանգնած, այն քաղաքացիները, որ տարիներ շարունակ պայքարել են նախկինների ապօրինությունների ու հանցագործությունների դեմ, կրել են բազմաթիվ զրկանքներ, կորցրել են հարազատներ։

Եթե «Իմ քայլը» խմբակցության տիկին ղեկավարի համար էական տարբերություն չկա այսօրվա «որոշակի իրարանցումը» նախաձեռնողների եւ նախկին հանցախմբի անթաքույց ռեւանշիստների միջեւ, ուրեմն՝ ինչպեսեւ գրեթե բոլոր իշխանություններն են ժամանակի ընթացքում կորցնում իրականության զգացումը, նույնը կատարվում է նաեւ օրվա իշխանության հետ։

Բայց՝ այսքան շո՞ւտ։