28.07.2020 11:11

Թրամփը կրկին ուզում է թաքցնել իր հարկային հայտարարագրերը

Թրամփը կրկին ուզում է թաքցնել իր հարկային հայտարարագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կրկին բողոքարկել է Մանհեթենի դատախազության հայցը, որը նրանից պահանջում է դատախազներին ներկայացնել ինը տարվա հարկային հայտարարագրերը։

Ընդամենը երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 9-ին, ԱՄՆ գերագույն դատարանը պաշտպանեց դատախազությանը՝ որոշելով, որ նախագահը ստուգումների նկատմամբ իմունիտետով օժտված չէ։ Մինչդեռ նախագահի փաստաբանները պնդում են, որ դատախազությունն իր հայցով գերազանցել է լիազորությունները, իսկ նախագահի հարկային հայտարարագրերը ստուգելու նրա ձգտումը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան «հետապնդում»։

Հայցադիմումի համաձայն՝ նյույորքյան Mazars LLP հաշվապահական ֆիրման, որը վարել է Թրամփի հարկային գործերը, և երկու բանկեր՝ Deutsche Bank-ը և ամերիկյան Capital One-ը, պարտավոր են բացահայտել վերջին ինը տարիներին Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը, փոխառությունների, կրեդիտների և ֆինանսական այլ գործողությունների վերաբերյալ տվյալները, ինչը կօգնի երկու կանանց գաղտնի վարձատրելու վերաբերյալ գործի հետաքննությանը, որոնք պնդում են, թե սեռական կապ են ունեցել Թրամփի հետ և ապա զգալի վարձատրություն են ստացել՝ լռության դիմաց։

Փոխանցում է BBC-ն։