28.07.2020 12:23

Հունգարիա․ «ԶԼՄ-ների ազատության հետևողական ոչնչացում»

Հունգարիա․ «ԶԼՄ-ների ազատության հետևողական ոչնչացում»

Հունգարիայի առաջատար անկախ լրատվամիջոցի տասնյակ աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել՝ կառավարությանը մեղադրելով իրենց լրատվամիջոցը ոչնչացնելու փորձ անելու համար։

Ընդամենը մեկ ամիս առաջ Index կայքի գլխավոր խմբագիրը պատմել էր պետության կողմից ահռելի ճնշման ենթարկվելու մասին, որից հետո նա հեռացվել էր աշխատանքից։

Բուդապեշտում քաղաքացիները դրան պատասխանել են ցույցով ու երթով, որը խմբագրության շենքից ընթացել է մինչև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նստավայր։ Ցուցարարները վանկարկել են՝ «հերի՛ք է», «ժողովրդավարությո՛ւն», և ժամանակ առ ժամանակ ծափահարություններով ողջունել են լրագրողներին։

Index-ում 20 տարի որպես լրագրող աշխատած Ֆոլդես Անդրասը չի բացառում, որ ստիպված կլինի հեռանալ երկրից և աշխատանք փնտրել արտասահմանում։ «Յուրաքանչյուր կայացած լրագրող, որ իր ձայնն ունի, հիմա դժվար թե աշխատանք գտնի Հունգարիայում։ Այստեղ երևի երեք-չորս անկախ լրատվամիջոց է մնացել, բայց դրանք բոլորն էլ Index-ից զգալի փոքր պարբերականներ են»,- պատմել է Անդրասը։

Իրավիճակը Հունգարիայում վաղուց է մտահոգում Եվրամիությանը, որի անդամն է նա։ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան, որի հետ զրուցել է The New York Times-ը, արդեն հայտարարել է, որ Index-ի դավանած արժեքներն անհրաժեշտ են ժողովրդավարությանը, ու նաև հիշեցրել է, որ Վիկտոր Օրբանն արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի Բրյուսելի հետ։

Փոխանցում է BBC-ն։