28.07.2020 13:06

Բեղերը՝ որպես գործոն դիվանագիտության աշխարհում

Բեղերը՝ որպես գործոն դիվանագիտության աշխարհում

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանը ստիպված է եղել սափրել բեղերը՝ տեղական մամուլում բարձրացված աղմուկից հետո․ դիվանագետին մեղադրել են, որ նա իր արտաքին տեսքով կորեացիներին հիշեցնում է իրենց ծանր անցյալը, երբ այդ երկիրը Ճապոնիայի գաղութն էր։

Կորեական մամուլի պնդմամբ՝ ամերիկյան դեսպանի բեղերը երկրի բնակիչներին հիշեցնում են, թե ինչ տեսք ունեին ճապոնական բանակի սպաները։

Կորեան Ճապոնիայի գաղութն է եղել 1910 և 1945 թթ․ միջև ընկած ժամանակահատվածում։

Հարրի Բինքլի Հարիսը՝ ոչ վաղ անցյալում ԱՄՆ ՌԾՈՒ ծովակալ, այցելել է Սեուլի կենտրոնում գտնվող վարսավիրանոց և խնդրել իրեն ազատել դեմքի մազածածկույթից։

Դեսպանն ասում է, թե դա արել է ընդամենն այն պատճառով, որ Սեուլում շատ շոգ է, և առանց բեղերի ավելի հեշտ է դիմանալ տապին։

Հարիսը ծնվել է Ճապոնիայում, նրա մայրը ճապոնուհի էր, ամուսնացել է ամերիկացի նավաստու հետ։ Հարիսն ավարտել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան Աննապոլիսում և հասել ծովակալի աստիճանի։ Ղեկավարելով ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը՝ նա  դարձել է ճապոնական ծագմամբ ամենաբարձրաստիճան զինվորականը։

Փոխանցում է BBC-ն։