28.07.2020 13:26

Մեկ միլիարդ դոլար՝ պատվաստանյութի համար

Մեկ միլիարդ դոլար՝ պատվաստանյութի համար

ԱՄՆ առողջապահության նախարարության սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով զբաղվող վարչությունը «կանաչ լույս» է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նոր փուլն սկսելուն։

Կլինիկական փորձարկումներին կմասնակցի մոտավորապես 30 հազար մարդ։ Նրանք կբաժանվեն երկու խմբի, ինչպես և ընդունված է նման փորձարկումների ժամանակ․ առաջին խմբին կներարկվի դեղամիջոց, երկրորդին՝ պլացեբո։

Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ տպավորիչ արդյունքներ է ստացել դեղամիջոցի ստեղծման նախորդ փուլերում։ Այդ հայտարարությանը զուգահեռ՝ հնչել է նաև ամերիկյան առողջապահության նախարարության տեղեկությունն այն մասին, որ նախարարությունը դաշնային բյուջեից ևս 472 մլն դոլար է ավելացնում արդեն իսկ հատկացված առնվազն 500 միլիոնին։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները նույնպես կորոնավիրուսի պատվաստանյութի թեստավորման առաջին դրական արդյունքներն են ստացել․ Բրիտանիայում մասնագետները որոշել են համադրել փորձարկման առաջին երկու փուլերը։

Եթե երրորդ փուլը հաստատի պատվաստանյութի արդյունավետությունը, ապա դրա արտադրությունը կարող է սկսվել արդեն աշնանը,  նշել են Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունում։

Փոխանցում է euronews-ը։