28.07.2020 14:01

Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն լքել է երկիրը

Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն լքել է երկիրը

Բելառուսի նախագահի պաշտոնի նախկին հավակնորդ Վալերի Ցեպկալոն լքել է երկիրը, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Ցեպկալոյի նախընտրական շտաբի ներկայացուցչին։ Վերջինիս ասելով՝ նախկին թեկնածուն Բելառուսից հեռացել է գիշերը և այժմ գտնվում է Մոսկվայում։

Ցեպկալոն բելառուսական Tut.by կայքին պատմել է, որ երկիրը լքել է այն բանից հետո, երբ լուր է ստացել, որ իրեն կալանավորելու են։ Կալանքի մասին ազդանշաններ նա ստացել է ԿԳԲ-ից և ՆԳՆ-ից։ Նա նաև ասել է, որ դատախազության աշխատակիցները այցելել են այն դպրոցը, որտեղ սովորում են իր երեխաները, և «սկսել են ուսուցիչներից, ուսմասվարից, տնօրենից պահանջել, որ նրանք ինչ-որ թղթեր ստորագրեն իմ երեխայի վերաբերյալ»։

Ցեպկալոն հայտարարել է, որ մտադիր է մի քանի մամուլի ասուլիս տալ Մոսկվայում, Ուկրաինայում, Եվրամիության երկրներից մեկում և ԱՄՆ-ում։ «Բնականաբար՝ կոչ կանեմ Ռուսաստանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ չընդունել ընտրությունների արդյունքները, եթե դրանք կեղծվեն»,- նշել է քաղաքական գործիչը։

Փոխանցում է vedomosti-ն։