28.07.2020 19:20

Դավիթ Մաթեւոսյան. ՍԴ դատավոր ընտրում են 12 տարով, եւ սխալվելը կարող է ճակատագրական լինել

Դավիթ Մաթեւոսյան. ՍԴ դատավոր ընտրում են 12 տարով, եւ սխալվելը կարող է ճակատագրական լինել

Հարցազրույց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի հետ

Դուք մեկն եք այն քաղբանտարկյալներից, որ Կառավարությանն ուղղված հայտարարություն են հրապարակել՝ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի առաջադրման առիթով։ Ինչ եք կարծում, ո՞րն է, ըստ Ձեզ, այսպիսի հակասական թեկնածություն առաջադրելու Կառավարության շարժառիթը։

Չեմ կարծում, թե այս թեկնածուի առաջադրման հարցում պետք է շարժառիթ փնտրել։ Եթե շարժառիթ լինի, ապա հանրային ընդվզմամբ գործընթացը հազիվ թե հաջողվի կանխել։ Կարծում եմ, արժանի թեկնածուի փնտրտուքի շրջանակներում՝ իշխանության ներսից մեկն ուղղակի առաջարկել ու գովաբանել է։ Հետո թեկնածուի վերաբերյալ կարծիք են հարցրել ԱԱԾ-ից, եւ դեռեւս դեպի հեղափոխական արժեքներ չդիրքավորված ԱԱԾ-ն՝ КГБ-ական չափորոշիչներով շատ բարձր է գնահատել Վահրամ Ավետիսյանին։ Մարդը միջավայրի արդյունք է, իսկ Վահրամ Ավետիսյանը ձեւավորվել է մի միջավայրում, որը դատական իշխանությունը 100 տոկոսով ենթարկեց Քոչարյանի ու Սարգսյանի կամքին։ Կարծում եմ, նման մարդկանց պատասխանատվությունն անարմատ է։ Եթե այդպես չէ, եւ նա ի վիճակի է հանրային շահը բարձր դասել անձնական շահից, ապա, գնահատելով ստեղծված իրավիճակը, ուղղակի պարտավոր է զսպել ՍԴ դատավոր դառնալու գայթակղությունը։ Եթե հարցը վերաբերեր նշանակման, ապա անձամբ ես չէի անհանգստանա։ Համոզված եմ, որ եթե որեւէ մեկը շեղվի հեղափոխության ուղեծրից, ապա Նիկոլ Փաշինյանը դա երկար չի հանդուրժելու։ Բայց ՍԴ դատավոր ընտրում են 12 տարով, եւ սխալվելը կարող է ճակատագրական լինել։ Սա է անհանգստության աղբյուրը։

Ի՞նչ լուծում կառաջարկեիք, և ընդհանրապես՝ որո՞նք են դատաիրավական ոլորտի ռազմավարական լուծումները, որ դեռ չեն տրվել։

Մի բան հաստատ գիտեմ, որ 2008 թ.-ի մարտի մեկի իրական պատկերը գլխիվայր շրջվեց՝ նախորդների կողմից դատական համակարգի անկախությունը իսպառ ոչնչացնելու միջոցով։ Եվ դա հնարավոր է եղել դատական համակարգի ներկայիս հիմնական դերակատարների հնազանդության պայմաններում։ Հեղափոխությունից հետո նրանք պետք է կարողանային (կարողանան) տոգորվել նոր մտածողությամբ, լծվեին (լծվեն) գործին եւ վերականգնեին (վերականգնեն) մարտի մեկի իրական պատկերը։ Սա կլինի դատաիրավական ոլորտի կարգաբերման ամենակարճ ճանապարհը։ Առայժմ այստեղ դիմադրությունն ակնհայտ է։

Ի՞նչ անելիք ունի այստեղ հասարակությունը։

Հասարակության գործը իշխանությանը զգոն պահելն է, որն էլ նա բարեխղճորեն անում է։

iLur.am