29.07.2020 11:20

Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով

Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ միշտ թերահավատորեն էր վերաբերվում Covid-19-ին և կատակում էր, թե «տրակտորը բոլորին կբուժի», ու խորհուրդ էր տալիս «վիրուսը արաղով ոչնչացնել», վարակվել է կորոնավիրուսով։

«Ներողություն եմ խնդրում ձայնիս համար։ Վերջերս ստիպված եմ լինում շատ խոսել։ Բայց ամենազարմանալին այն է, որ դուք այսօր հանդիպում եք մի մարդու հետ, որը հաջողեցրել է ոտքի վրա  կորոնավիրուս տանել,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում БЕЛТА գործակալությունը։- Երեկ այսպիսի եզրակացության են եկել բժիշկները։ Առանց ախտանշանների»։

Բելառուսի նախագահը հայտնի է նրանով, որ անընդհատ կոչ էր անում չչափազանցել համավարակի սպառնալիքը․ մայիսի 9-ին Մինսկում Հաղթանակի շքերթ տեղի ունեցավ, ֆուտբոլի բելառուսական մրցաշարը Եվրոպայում միակն էր, որը չդադարեցվեց կորոնավիրուսի պատճառով, երկրում համընդհանուր կարանտին չհայտարարվեց, Մինսկը սահմանները չփակեց։

Հուլիսի 28-ի դրությամբ՝ Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի դրական թեստով 67 366 դեպք՝ սա առողջապահության նախարարության տվյալն է։ Համավարակի ողջ ընթացքում երկրում մահացել է  «մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող» 543 պացիենտ՝ այսպես է ձևակերպել առողջապահության նախարարությունը։

Ի դեպ, այս ընթացքում Լուկաշենկոն երկու անգամ այցելել է Ռուսաստան և երկու անգամն էլ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փոխանցում է BBC-ն։