29.07.2020 12:08

Ведомости․ Ռուսաստանցիներին օգոստոսի 1-ից չի թույլատրվի մուտքը ԵՄ

Ведомости․ Ռուսաստանցիներին օգոստոսի 1-ից չի թույլատրվի մուտքը ԵՄ

ԵՄ իշխանությունները հերթական անգամ խմբագրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլ է տրվում մուտք գործել միության տարածք, և Ռուսաստանի Դաշնությունը կրկին դուրս է մնացել այդ ցուցակից։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի 1-ից Եվրամիության սահմանները ռուսաստանցիների համար փակ կլինեն, գրել է «Ведомости»-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրին։

Ինչպես նշում է պարբերականը, հիշյալ ցուցակի նախնական տարբերակում նախատեսվել է, որ ԵՄ սահմանները բաց կլինեն 14 պետությունների և Չինաստանի համար։ Այնուհետև ցուցակից հանվել են Սերբիան և Չեռնոգորիան։

Այժմ ԵՄ տարածք մուտք գործելու իրավունք ունեն Կանադան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Վրաստանը, Ուրուգվայը, Ճապոնիան, Թունիսը, Ալժիրը և Մարոկկոն (ինչպես նաև Չինաստանը, որն առայժմ չի հաստատել, որ փոխադարձաբար թույլ կտա ԵՄ քաղաքացիների մուտքը երկիր)։

Պարբերականի զրուցակիցը նշում է, որ այս «սպիտակ ցուցակի» հետ կապված հարցերով զբաղվում է Եվրախորհուրդը՝ ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինը, որում ընդգրկված են Եվրամիության պետությունների ղեկավարները։ Ցուցակը պարբերաբար թարմացվելու է՝ վերջին 14 օրերի ընթացքում տվյալ երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի հիման վրա։

Փոխանցում է Interfax-ը։