29.07.2020 17:42

Լիզա Ճաղարյան. Զավեշտ է, բայց հեչ ծիծաղելի չէ

Լիզա Ճաղարյան. Զավեշտ է, բայց հեչ ծիծաղելի չէ

«Հայկական ժամանակ»-ում կարդացի, որ վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպելու են ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ:

ՀԺ-ն գրում է. «Ավետիսյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել է Կառավարությունը: ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը: Շուրջ մեկ շաբաթ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների քննադատությունները՝ ուղղված Կառավարությանը, որը նման առաջադրում է արել»: 

Ինչո՞ւ մեջբերեցի այս «հիշեցնող» հատվածը։ Ընդամենը մեկ պատճառով. ես էլ ուզում եմ հիշեցնել, որ այդ «որոշ իրավապաշտպանների, փաստաբանների եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների քննադատությունները» այդպես էլ չհայտնվեցին ՀԺ-ի էջերում, ինչն ապշեցրեց ինձ եւ տխուր հետեւությունների հիմքեր տվեց։

Բայց պարզվում է՝ «Հայկական ժամանակը» դեռ զարմացնելու շատ պաշար ունի ամբարած, որոնցից մեկն էլ այս տեղեկատվության հաջորդ հատվածն է։

Ահավասիկ. «Քննադատները հիշեցնում են, որ Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաեւ Մարտի 1-ին առնչվող գործեր, հաստատել, ՆՐԱՆՑ ԽՈՍՔԵՐՈՎ, «իրավապահների շինծու մեղադրանքները» (ընդգծումն իմն է – Լ.Ճ.)։

Սա գրում է «Հայկական ժամանակը»։ Հենց այն լրատվամիջոցը, որի խմբագիրը երկար տարիներ եղել է այդ «շինծու մեղադրանքներով» ազատազրկված Նիկոլ Փաշինյանը։ Հենց այն լրատվամիջոցը, որը տարիներ շարունակ ուղղակիորեն աղաղակել է այդ շինծու մեղադրանքների մասին, իսկ այսօր ո՛չ միայն քննադատողներից ոչ մեկի խոսքը, նույնիսկ Մարտի 1-ի զոհերի հարազատների ու քաղբանտարկյալների հայտարարությունը չհրապարակեց, այլեւ չի զլանում շինծու մեղադրանքների պատասխանատվությունը դնել «նրանց» ուսերին։

Գուցե ՀՀ վարչապետն այլեւս չի՞ համարում, որ ինքը շինծու մեղադրանքով է ազատազրկվել, գուցե նոր կարգավիճակում վերանայե՞լ է իր անցած ճանապարհը եւ կարծում է՝ իրեն արդա՞ր են դատել, եւ «Հայկական ժամանակը» շատ «անաչառորեն» ու զգուշորեն ընթերցողներին մերձեցնում է նորահայտ ճշմարտությա՞նը։

Մեծ աշխարհ է, ամեն ինչ հնարավոր է։

Եթե հնարավոր է դարձել, որ Հայաստանի կառավարությունը Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրի, եթե հնարավոր է դարձել, որ «Հայկական ժամանակն» անտեսի Մարտի 1-ի զոհերի հարազատների ու քաղբանտարկյալների հայտարարությունները (երկուսն էին), եւ եթե այս մի փոքրիկ տեղեկատվության մեջ անգամ ակնհայտ է վատ թաքցրած հեգնանքը «որոշ քննադատողների» նկատմամբ, ուրեմն ամենեւին զարմանալի չի լինի, որ վաղը, ինչպես ՀԺ-ն է տեղեկացրել, թե «Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ կհանդիպեն թեկնածուին եւ բարձրացված հարցերի պատասխանները կփորձեն ստանալ Ավետիսյանից», ահա՛ կհանդիպեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները ՍԴ դատավորի թեկնածուին եւ կհարցնեն՝ պարոն Ավետիսյան, հո Ձեր հայրիկի շինծու դատավճիռները չե՞ք ողջունում։

Վահրամ Ավետիսյանն էլ կպատասխանի՝ վայ, չէէէէէէ, պապայիս արեւ։

Լիլիթ Մակունցն էլ կասի՝ լսեցիք, չէ՞, սիրելի իմքայլականներ, ասում է՝ վայ, չէէէէէէ։

Վլադիմիր Վարդանյանն էլ կասի՝ դեռ ավելի՛ն, պապայի արեւով էլ երդվեց։

Ու Վահրամ Ավետիսյանը՝ որպես «լավ մասնագետ» կընտրվի ՍԴ դատավոր ու կլծվի Սահմանադրական դատարանը «խրամատից» հանելու հայրենանվեր գործին։

Զավեշտի՞ է նման ասվածը։

Դեմ չեմ։

Իսկ զավեշտ չէ՞, որ ՀՀ կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, իսկ «Հայկական ժամանակն» էլ ակնհայտորեն թեւերը փռել է այս թեկնածուի վրա։

Զավեշտ է. միայն թե չեմ հասկանում, թե ինչու ինձ նման ծիծաղկոտ մարդու դեմքին այս պահին նույնիսկ ծուռ ժպիտ չհայտնվեց։