30.07.2020 09:00

Աշոտ Սարգսյան. Սահմանադրական դատարանի կազմի համալրման սխալը կարող է ճակատագրական լինել պետության համար

Աշոտ Սարգսյան. Սահմանադրական դատարանի կազմի համալրման սխալը կարող է ճակատագրական լինել պետության համար

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերից մեկի համար կատարված առաջադրումը բուռն քննարկման առարկա դարձավ։ Իսկ այդ բուռն քննարկումը ծնող անհանգստությունը շատ ավելի մեծ, ընդհուպ՝ երկրի համար ճակատագրական խնդրի տարողություն ունի։

Ներկա իշխանությունն արդեն շուրջ մեկ տարի իր ջանքերի ահռելի մի մասն ուղղել է լուծելու Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Ճգնաժամ, որը կապված էր մի կողմից՝ վերջինիս օրինակարգության, մյուս կողմից՝ կարեւորագույն այդ կառույցը 2018 թ. հեղափոխության դեմ որպես գործիք նախկինների կողմից օգտագործելու անսքող փորձերի հետ։ Խնդիրը լուծելու համար անգամ սահմանադրական հանրաքվե նախաձեռնվեց, որի, հայտնի պատճառներով անհնարինության պայմաններում, ոչ արմատական, սակայն ինչ-որ մի լուծում գտնվեց ԱԺ որոշմամբ։

Խնդիրն այն է, որ թեկուզ ժամանակին կեղծված, թեկուզ թերություններով լի, բայց դե ֆակտո գործող Սահմանադրությունը ՍԴ-ին տվել է գերլիազորություններ, որոնցով նա կարող է խոչընդոտել, տորպեդահարել իշխանության ցանկացած քայլ, կաթվածահար անել կառավարության եւ Ազգային ժողովի աշխատանքը, արգելափակել սահմանադրական որեւէ փոփոխության հնարավորություն։ Այսինքն՝ ողջ երկիրը կանգնեցնել փակուղու, ճգնաժամի առջեւ։ Իսկ Դատարանի՝ նախկինների հետ փոխկապակցված անհատական կազմն իր ճնշող մեծամասնությամբ հակված էր գնալ այդ ճանապարհով։ Այս ամենը քաջ գիտակցելով ու այդ վտանգի իրական դրսեւորումները տեսնելով է, որ իշխանությունը, իրավացիորեն, այդ հարցը դարձրեց ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը։

Խնդրի ոչ արմատական լուծման հետեւանքով ստացվել է այնպես, որ դատավորների թափուր տեղերից թեկուզ մեկի համալրումն այնպիսի անձով, որը կա՛մ արմատներով ու շահերով ավելի հարազատ է նույն «հրայրթովմասյանական» միջավայրին,  կա՛մ բարոյական ու մասնագիտական նկարագրով հեռու է Սահմանադրական դատարանի դատավորի համար պահանջվող անաչառության, անկողմնակալության եւ այլ որակներից, ինչը կարող է ջուրը լցնել մինչ այժմ այս ուղղությամբ արված ողջ աշխատանքը։ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը (նկատի ունենալով լայնորեն քննարկված հայտնի հանգամանքները) լուրջ հիմքեր էր տալիս նման վտանգի անհանգստություն ունենալու համար։ Իսկ նրա խոսելուց (արած հայտարարությունից) հետո անհանգստության այդ զգացումը վերածվեց աներկբա համոզմունքի։

Սակայն, միայն Վ. Ավետիսյանի հարցը լուծելով՝ ամեն ինչ չի ավարտվում։

Դեռ ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեն նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Ամենեւին բացառված չէ, որ նրանք նույնպես կներկայացնեն Վ. Ավետիսյանի նման մի թյուրիմացության թեկնածություն։ Ա. Սարգսյանի առաջադրած մի թեկնածուի մասին հիշում ենք՝  նույնքան անընդունելի, մեծամիտ մի կերպար, որին, իրավացիորեն, մերժեց ԱԺ-ն։ Դատավորների ընդհանուր ժողովը դեռ առիթ չի ունեցել որեւէ թեկնածություն առաջադրելու, բայց նաեւ որեւէ հիմք չկա ենթադրելու, թե նրա կողմից նույնպես արժանի թեկնածու կառաջադրվի։

Պատկերավոր ասած՝ իշխանությունը քայլում է սայրի կամ մազե կամրջի վրայով. ՍԴ դատավորների թափուր տեղերի համալրումը պետք է արվի գերճշգրիտ, այլապես դրա հետեւանքները կարող են ճակատագրական լինել ինչպես իշխանության, այնպես էլ՝ ողջ երկրի համար։ Խնդիրը պետք է լուծել այս իրողության պարզ գիտակցմամբ։

Աշոտ Սարգսյան