30.07.2020 11:55

Կորոնավիրուսը Եվրոպայում

Կորոնավիրուսը Եվրոպայում

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը նախազգուշացրել է, որ հարկավոր է ամեն կերպ խուսափել սահմանները փակելուց, և ցանկալի չէ կրկին երկրում լոքդաուն մտցնել, սակայն վիրուսի դեմ պայքարը հեռու է ավարտից։

Իսպանիայում նկատվում է վարակակիրների թվի կտրուկ աճ, իշխանությունները լոկալ կարանտինային միջոցառումներ են մտցնում հատկապես վտանգված շրջաններում։ Իսպանիայից ժամանողների նկատմամբ Բրիտանիան պարտադիր երկշաբաթյա կարանտին է սահմանել, ինչը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համարել է «չափազանցություն» և հույս է հայտնել, որ թագավորության իշխանությունները կվերանայեն այդ որոշումը։

Գերմանիայի գիտնականների կարծիքով՝ Covid-19-ի պատվաստանյութը պատրաստ չի լինի մինչև  եկող տարվա կեսերը։ Գերմանիան համարվում է այն երկրներից մեկը, որը համեմատաբար հաջողությամբ է գլուխ հանել համաճարակից։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 208 հազար, մահացել է 9,1 հազար հիվանդ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «ոտի վրա» է հաղթահարել առանց ախտանշանների կորոնավիրուսը։ Նրա կարծիքով՝ երկրի բնակչության 97 %-ը հենց այդպես է տանում վարակը, իսկ համաճարակի շուրջ բարձրացած խուճապն անվանել է «պսիխոզ»։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բելառուսում այս ամբողջ ընթացքում արձանագրվել է 67,3 հազար հիվանդ, մահացել է 543 հոգի։

Փոխանցում է BBC-ն։