30.07.2020 12:01

Covid-19․ Լատինական Ամերիկա

Covid-19․ Լատինական Ամերիկա

Պերուում մարզադաշտերն ու մարզական կառույցները, որոնք մեկ տարի առաջ ընդունել էին Պանամերիկյան խաղերի մրցաշարերը, վերածվել են ժամանակավոր հիվանդանոցների Covid-19-ով հիվանդների համար։

Երկրում հիվանդների թիվը հասնում է 400 հազարի։ Համավարակի մասշտաբներով Պերուն Լատինական Ամերիկայում զբաղեցնում է երրորդ տեղը Բրազիլիայից և Մեքսիկայից հետո։

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը երեկ երկարացրել է լոքդաունը ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի վերջը։ Սա արդեն ութերորդ անգամ է, որ Կոլումբիայի իշխանությունները երկարացնում են համընդհանուր կարանտինը։ Դուկե Մարկեսը նշել է, որ հիվանդացության ցածր ցուցանիշներ ունեցող շրջաններում խանութներն ու բիզնեսները աստիճանաբար կբացվեն առաջիկայում, իսկ ռեստորանները, բարերը, ակումբները, թատրոններն ու զվարճանքի այլ հաստատություններ ամբողջ երկրում փակ կլինեն՝ մինչև կառավարության հատուկ ծանուցումը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Կոլումբիայում համավարակի ողջ ընթացքում հիվանդացել է 267 հազար մարդ, մահացել է առնվազն 9 հազար հիվանդ։

Տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Բոլիվիայի քաղաքներում՝ համավարակի պատճառով նախագահական ընտրությունները հերթական անգամ հետաձգելու դեմ։ Վերջին անգամ ընտրությունները տեղափոխել էին հոկտեմբեր։ Ընդդիմության կարծիքով՝ անցումային կառավարությունը, նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսի գլխավորությամբ, օգտագործում է համավարակը՝ հնարավորինս երկար իշխանության ղեկին մնալու համար։

Բոլիվիայում վարակվել է 72,3 հազար մարդ, մահացել է 2 720 հիվանդ։

Փոխանցում է BBC-ն։