30.07.2020 12:47

Կադրային հետախույզը և Թուրքիայում նախկին դեսպանը կգլխավորի ՄԻ-6-ը

Կադրային հետախույզը և Թուրքիայում նախկին դեսպանը կգլխավորի ՄԻ-6-ը

Բրիտանիայի արտաքին հետախուզության կամ ՄԻ-6-ի հերթական ղեկավար է նշանակվել Ռիչարդ Մուրը, որն այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում արտաքին գործերի նախարարությունում։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայիս քաղաքական տնօրեն Ռիչարդ Մուրն այդ պաշտոնում հետախուզության այժմյան ղեկավար սըր Ալեքս Յանգերին կփոխարինի աշնանը։

Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, որը հետախուզության նոր տնօրենին նշանակել է վարչապետի համաձայնությամբ, նշել է, որ Ռիչարդ Մուրը « կղեկավարի մի խումբ մարդկանց, որոնց անխոնջ ջանքերը հազվադեպ են տեսանելի լինում հանրությանը, սակայն չափազանց կարևոր են Միացյալ Թագավորության անվտանգության և բարգավաճման համար»։

ՄԻ-6-ը զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։

Ռիչարդ Մուրը երկար տարիներ հետախուզական գաղտնի աշխատանքը համատեղել է դիվանագիտական կարիերայի հետ՝ Վիետնամում, Թուրքիայում, Պակիստանում, Մալայզիայում։ Մասնավորապես՝ 2014 -2017 թթ․ նա եղել է Միացյալ Թագավորության դեսպանը Թուրքիայում և ազատ տիրապետում է թուրքերենին։

Փոխանցում է BBC-ն։