30.07.2020 19:04

Հարութ Ուլոյան. Քոչարյանն իր ղեկավարման օրոք բազմիցս հայտարարում էր, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Հարութ Ուլոյան. Քոչարյանն իր ղեկավարման օրոք բազմիցս հայտարարում էր, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Քոչարյանը երեկվա տիեզերական ինքնահարցազրույցի ընթացքում, խոսելով Արցախի հարցի մասին, հայտարարել է հետևյալը. «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ դաշտ է: Այս սկզբունքի շրջանակներում հարցը մեզ համար բարենպաստ լուծում ուղղակի չունի»:

1. Նման միտք արտահայտում է մի մարդ, ով 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում մասնավորապես ասվում է հետևյալը. «Մարդու իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքը, այդ թվում` ազգային փոքրամասնությունների իրավունքների, չեն կարող խաթարել, բայց կարող են ամրապնդել ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարատեսակ ձևերը, ինչպես նաև այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, հանդիսանում են ազգային փոքրամասնությունների ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու միջոց` գոյություն ունեցող պետության սահմաններում»:

2. Քոչարյանը, իր ԱԳ նախարարի հետ մեկտեղ, 1998 թվականի պալատական հեղաշրջման օրերից սկսած՝ որպես պատրվակ, մինչ օրս քննադատում է 1996 թվականին տեղի ունեցած Լիսաբոնյան գագաթնաժողվի հայտնի զարգացումները, երբ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դեմ գնալով միջազգային ճնշումներին, կիրառել էր վետո` անհամաձայնություն հայտնելով Արցախի հարցի լուծման վերաբերյալ ընդունվող բանաձևի, մասնավորապես` Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին սկզբունքի վերաբերյալ: Քոչարյանն ու իր թիմակիցները տարիներ շարունակ պնդում էին, թե Տեր-Պետրոսյանի նման դիրքորոշումների հետևանքով Հայաստանը հայտնվել էր աննախադեպ ճնշումների տակ: (Ի դեպ, նման ճնշումներ կարող էին լինել միայն մի դեպքում, երբ Հայաստանը ներկայացնող Տեր-Պետրոսյանը հանդես գար բացառապես հայանպաստ դիրքորոշմամբ:) Եվ ի հակադրություն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության, Քոչարյանն իր ղեկավարման օրոք բազմիցս հայտարարում էր, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», դա «արդարացնելով» այն հանգամանքով, որ «Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»: Բնականաբար, ամեն ինչ այդքան դրամատիկ չէր լինի, եթե աշխարհն անվերապահորեն ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որդեգրեր նաև Քոչարյանի «արդարացումը»:

3. «Տարածքային ամբողջականության» սկզբունքն է քննադատում մի մարդ, ում օրոք բանակցված և իր կողմից ընդունված բոլոր փաստաթղթերում նույն այդ սկզբունքն ամրագրված է եղել»: