31.07.2020 10:31

Կորոնավիրուսն աշխարհում․ Անգլիան մահացության մակարդակով Եվրոպայի առաջատարն է

Կորոնավիրուսն աշխարհում․ Անգլիան մահացության  մակարդակով Եվրոպայի առաջատարն է

Հուլիսի 30-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 17 միլիոնից, ասվում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում։ Մահացել է 667,8 հազար մարդ, գրեթե 10 միլիոնն առողջացել են։ Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հաստատվել է վարակի 289,1 հազար նոր դեպք։

Համավարակի ընթացքում՝ փետրվարի վերջից մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում, Անգլիայի տարածքում արձանագրվել է նախորդ տարիների միջին ցուցանիշները գերազանցող մահացության ամենաբարձր մակարդակը Եվրոպայում։

Մայիսին մահացությունն Անգլիայում 7,5 %-ով ավելի բարձր է եղել, քան նախորդ տարիների միջին ցուցանիշը, իսկ Իսպանիայում, որն Անգլիայից հետո երկրորդ տեղում էր, միջին ցուցանիշը գերազանցվել է 6,7 %-ով։

Վիճակագրական գերատեսչության տվյալների համաձայն՝ Բրիտանիայում համաճարակն ավելի լայնածավալ է եղել, քան այլ երկրներում։ Իսպանիայում և Իտալիայում վարակի բռնկումները զանգվածային էին, բայց լոկալ  բնույթի էին, մինչդեռ Բրիտանիայում մարդիկ վարակվել են համեմատաբար հավասարաչափ ամբողջ երկրով մեկ։

Հինգշաբթի օրվանից Անգլիայում Covid-19-ի ախտանշաններ ունեցող մարդկանց համար պարտադիր ինքնամեկուսացումը դառնում է տասը օր՝ նախկին յոթի փոխարեն։ Սպասվում է, որ նույն կարգը կսահմանվի նաև Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։

Փոխանցում է BBC-ն։