31.07.2020 10:53

Կորոնավիրուսային իրավիճակն ԱՄՆ-ում

Կորոնավիրուսային իրավիճակն ԱՄՆ-ում

Կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ը շարունակում է առաջատարը լինել աշխարհում․ այստեղ հիվանդացել է 4,4 մլն մարդ, ավելի քան 150 հազար հիվանդ մահացել է։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 2,5 մլն հիվանդներով, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,5 մլնով։

Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ կորոնավիրուսից մահացել է հանրապետական Հերման Քեյնը, որը 2012 թ․ հավակնում էր առաջադրվել նախագահի պաշտոնում։

Նախագահական մրցապայքարին մասնակցելուց առաջ Քեյնը գլխավորում էր Godfater’s Pizza ընկերությունը և սեփական հեռուստածրագիրն էր վարում։ 2019 թ․ նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջարկել էր մտնել Դաշնային պահուստային համակարգի խորհրդի կազմ, բայց Քեյնը հրաժարվել էր առաջադրվել, երբ պարզվել էր, որ հանրապետական սենատորներից ոմանք դեմ են իր թեկնածությանը։

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի իշխանությունները մտադիր են ժամկետից շուտ ազատ արձակել կալանավորների առնվազն 20 %-ին՝ վարակի մակարդակն իջեցնելու նպատակով։ Այդ նահանգում արձանագրվել է Covid-19-ից մահացության ամենաբարձր մակարդակը կալանավորների շրջանում։

Եթե Նյու Ջերսիի սենատորներն ընդունեն օրինագիծը, ապա ազատության մեջ կհայտնվի մոտավորապես 3 հազար մարդ, որոնց պատժաժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս ժամանակ։

Փոխանցում է BBC-ն։