31.07.2020 12:23

Մինսկում տասնյակ հազարավոր ցուցարարներ աջակցում են Տիխանովսկայային

Մինսկում տասնյակ հազարավոր ցուցարարներ աջակցում են Տիխանովսկայային

Հուլիսի 30-ին Մինսկում տեղի է ունեցել վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմության ամենամարդաշատ հանրահավաքը։

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային աջակցող հանրահավաքին մասնակցել է 63 հազար մարդ, հաղորդել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը, որը զրկված է Բելառուսում հավատարմագրումից։ Այլ գնահատականներով՝ հանրահավաքի մասնակիցների թիվը կազմել է մոտավորապես 35 հազար։

Անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ բելոռուս ուժայինները հաղորդել են երկրում զանգվածային անկարգությունների նախապատրաստման մասին։ Նույն բանն ավելի վաղ զինվորականների հետ հանդիպմանը ասել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Տիխանովսկայան ամբիոնից դիմել է իր կողմնակիցներին և քննադատել բելառուսական ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ընդդիմադիր ակցիաները ցրելիս գործադրած դաժանության համար։ «Մարդիկ, ովքեր արժանապատիվ կյանք են ցանկանում, հանցագործներ չեն,- ասել է նա,- դա մեր ժողովուրդն է։ Այն ժողովուրդը, որը խաղաղ իշխանափոխություն է ուզում։ Խնդրում եմ, ձեր խղճին դեմ մի գնացեք, ձեր ժողովրդի կամքին մի՛ ընդդիմացեք»։

Տիխանովսկայան անդրադարձել է նաև այն լուրերին, թե Բելառուսում ձերբակալված գրոհայիններն ուղարկվել են Ռուսաստանից՝ պաշտպանելու ընդդիմությանը։ «Ինձ ասում են, թե ռուսաստանցի գրոհայինները հաճախ են լինում մեզ մոտ, և որ նրանք Բելառուսն օգտագործում են որպես ինչ-որ միջանկյալ բազա։ Դա պետք է պարզել։ Մենք բացարձակապես գրոհայինների կարիք չունենք։ Մենք խաղաղ մարդիկ ենք և խաղաղ փոփոխություններ ենք ցանկանում մեր երկրում»,- ասել է նախագահի թեկնածուն։

Հանրահավաքը տևել է երեք ժամից ավելի։ Ձերբակալությունների մասին չի հաղորդվում։

Փոխանցում է BBC-ն։