31.07.2020 13:43

Ինչ էին անում «Վագների ՄՌԸ» գրոհայինները Մինսկում․ պարզաբանում է դեսպանը

Ինչ էին անում «Վագների ՄՌԸ» գրոհայինները Մինսկում․ պարզաբանում է դեսպանը

Նախօրեին Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիները մասնավոր պահպանական հիմնարկի աշխատակիցներ կարող են լինել, որոնք պետք է Մինսկից թռչեին Ստամբուլ, հայտարարել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը։

«Ըստ տեղեկատվության, որը դեռ ստուգման կարիք ունի, ռուսաստանցիները, հնարավոր է, մասնավոր պահպանական ձեռնարկության աշխատակիցներ են, որը, առևտրային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում, պետք է իրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և պաշարների պաշտպանությունն արտասահմանում, ամենևին՝ ո՛չ Բելառուսում»,- ասել է դեսպանը։

 Բելառուսի իշխանությունները ձերբակալվածներին անվանում են «Վագների մասնավոր ռազմական ընկերության» մարտիկներ։

Հինգշաբթի օրը պարզվեց, որ Բելառուսի քննչական կոմիտեն ձերբակալված ռուսաստանցիներին կասկածում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։ Օգոստոսի 9-ին երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Քննչական կոմիտեն և ԿԳԲ-ն ձերբակալվածներին համարում են «Վագների ՄՌԸ» գրոհայիններ, որոնք, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, կռվել են Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում։

Հունիսի վերջին Լիբիայի կառավարությունը ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել «Վագների ՄՌԸ»-ի դեմ, որը, Տրիպոլիի պնդմամբ, զավթել էր վերահսկողությունը նավթի հանքերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին բելառուսական պետական БЕЛТА գործակալությունը հաղորդել էր, որ Մինսկի մերձակա առողջարանում ձերբակալվել են 32 ռուսաստանցիներ, ենթադրաբար՝ «Վագների ՄՌԸ» մարտիկներ։

Այնուհետև Բելառուսի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Անդրեյ Ռավկովը տեղեկացրեց, որ ձերբակալված ռուսաստանցիներն արդեն սկսել են ցուցմունք տալ, իսկ ուժայինները շարունակում են որոնել ևս 200 գրոհայինների, որոնք կարող են լինել հանրապետության տարածքում։

Փոխանցում է BBC-ն։