31.07.2020 18:39

Ռաֆայել Թեյմուրազյան. Վահրամ Ավետիսյանի հնարավոր ընտրությունը ջրբաժան է լինելու

Ռաֆայել Թեյմուրազյան. Վահրամ Ավետիսյանի հնարավոր ընտրությունը ջրբաժան է լինելու

Ի պատասխան դիտարկմանը, թե վճռաբեկ դատարանն իր հոր նախագահությամբ դակել է Մարտի 1-ի գործով ակնհայտ կեղծ մեղադրանքները, ՍԴ դատավորի թեկնածու Վ.Ավետիսյանը երեկ ասել է, որ անհրաժեշտ է պարզել, թե «արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՝ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»։

Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ փաստեր է ուզում թեկնածուն։ Փաստեր այն մասին, որ Մարտի 1-ի գործով վճռաբեկում չբեկանված գործերը շինծու չէի՞ն, այսինքն այն մասին, որ քաղբանտարկյալները քաղբանտարկյալ էի՞ն (2018-ից հետո նրանցից 15-ն արդեն արդարացվել են, ի դեպ)։

Ըստ իս, Մարտի 1-ի մասին նման «երկչոտ» դիրքորոշում ունեցող մարդուն ՍԴ դատավոր ընտրելն ավելի վատ է, քան Ռ. Քոչարյանին արդարադատության նախարար նշանակելը. նախարարին ցանկացած պահի կարելի է ազատել աշխատանքից, ինչը հնարավոր չէ դատավորի դեպքում։

Վճռաբեկը, ի դեպ, մերժել էր նաև քաղբանտարկյալ Ն. Փաշինյանի բողոքը։ Հիմա ի՞նչ փաստեր են պետք, որպեսզի պարզենք՝ Ն. Փաշինյանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու դիտավորությամբ «հայրենիք», «ընտանիք», «հաղթանակ», «ազատություն» և նմանօրինակ բառերի կիրառմամբ ցուցարարներին հոգեխանգարել է՞, թե՝ ոչ։

Դատելով այս թեկնածության շուրջ վերջին օրերի աղմուկից՝ Վ. Ավետիսյանի հնարավոր ընտրությունը ջրբաժան է լինելու. Մարտի 1-ին զոհվածների հարազատները և նախկին քաղբանտարկյալները հայտնվելու են մի կողմում, իսկ իշխանությունն ու Ռ.Քոչարյանը՝ մյուս կողմում (վերջինիս վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն այս օրերին մոռացել են ողջ գործընթացի ապօրինի լինելու մասին իրենց նախկին պնդումներն ու լծվել Վ. Ավետիսյանի թեկնածության սատարմանը)։

Նման անվստահության պարագայում ակնհայտորեն ավելորդ է խոսել ՍԴ հեղինակության կամ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման մասին։ Սա ավելի շատ 2018-ին հանուն արդարության փողոց դուրս եկած ժողովրդի նկատմամբ դավադրության է նման։ Նա, ով առաջ է բերել նման թեկնածուի, ներսից հարվածել է հեղափոխությանը։ Տվյալ իրավիճակում լավագույն ելքը թերևս մնում է թեկնածության հետկանչն ԱԺ-ից։