01.08.2020 12:32

Դավիթ Մաթեւոսյան. Կապան-Մեղրի երկաթուղին հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել

Դավիթ Մաթեւոսյան. Կապան-Մեղրի երկաթուղին հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել

Դավիթ Մաթեւոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Որքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն իրականացնել։ Տպավորությունս այնպիսին է, որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում ու րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ ուղղակի գնա՛ցք չկա, չի՛ լինելու, որովհետեւ Կապան-Մեղրի երկաթուղին հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ այլեւս չի վերականգնվի...
Հիմա ավելի լուրջ.
ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ հոր մասով հարցին ի պատասխան, լրագրողին ասել է. «Մասնագիտական հարթության մեջ նայեք. վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով, որեւէ մեկը ուսումնասիրե՞լ է... արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտու՞մ, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։
Իմ գործով վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ է կայացրել, որը, սակայն, ես դեռ չեմ ստացել։ Բայց ձեռքիս տակ առկա ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի «3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները» բաժնում ընդգծված է. «...2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում։ ... 3. Սույն հոդվածի իմաստով՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.»
Ո՛չ մի խոսք նոր երեւան եկած հանգամանքի մասին։ Կարծում եմ, Մարտի մեկի մյուս բողոքներով եւս վճռաբեկ դատարանի արդարացման դատավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման հանգամանքը։ Եւ կարծես նոր երեւան եկած հանգամանքների դեպքում գործը ուղարկվում է առաջին ատյան՝ նոր դատաքննության։