03.08.2020 13:18

Եգիպտոսը Իլոն Մասկին համոզում է, որ բուրգերը այլմոլորակայինները չեն կառուցել

Եգիպտոսը Իլոն Մասկին համոզում է, որ բուրգերը այլմոլորակայինները չեն կառուցել

Եգիպտոսի իշխանությունները Իլոն Մասկին հրավիրել են այցելելու երկիր և անձամբ համոզվելու, որ հռչակավոր եգիպտական բուրգերը այլմոլորակայինները չեն կառուցել։

Ուրբաթ օրը Tesla-ի և SpaseX ընկերության ղեկավարը Twitter-ում մի քանի գրառում է արել, որոնցում ակնարկել է, թե եգիպտական բուրգերը ոչ երկրային ծագում ունեն։ Առաջին թվիթում նա գրել է․ «Իհարկե, բուրգերը կառուցել են այլմոլորակայինները»։

Հաջորդ գրառման մեջ նա, իհարկե, ճշտում է արել․ «Ռամզես II փարավոնը նրանցից էր»։ Նա նաև գրել է, թե «Քեոփսի բուրգը ամենաբարձր կառույցն է, որ մարդիկ ստեղծել են 3800 տարում»։

Վերջին թվիթում գործարարը տեղադրել է BBC-ի մի հոդված, որում խոսվում է բուրգերի շինարարության մասին, և նշել, որ դա «հավաստի նկարագրությունն է , թե ինչպես է դա արվել»։

Բայց ամենաշատը ուշադրություն է գրավել Մասկի արած առաջին գրառումը, որը կարելի է գնահատել որպես այլմոլորակայինների կողմից բուրգերի շինարարության վերաբերյալ դավադրության հայտնի տեսության արձանագրում։

Ի պատասխան Իլոն Մասկի այդ գրառման՝ Եգիպտոսի միջազգային համագործակցության հարցերով նախարար Ռանիա ալ-Մաշատը Մասկին կոչ է արել անձամբ համոզվել, որ բուրգերը կառուցել են ոչ թե այլմոլորակայինները, այլ մարդիկ։ «Ես հիացմունքով եմ հետևում ձեր աշխատանքին։ Հրավիրում եմ ձեզ և SpaceX-ին, որպեսզի դուք կարողանաք ուսումնասիրել այն գրավոր վկայությունները, թե ինչպես են կառուցվել բուրգերը, ինչպես նաև տեսնել դրանց շինարարների գերեզմանները։ Մենք սպասում ենք ձեզ, պարոն Մասկ»,- գրել է ալ-Մաշատը։

Փոխանցում է BBC-ն։