04.08.2020 09:30

Վարդան Հարությունյան. Մեր իրականության ամենալուրջ զարգացումներին արհամարհանքով նայող մարդը դառնալու է մեր ՍԴ դատավորը. Ա1+ (տեսանյութ)

Ներկայացնում ենք Ա1+-ը զրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

Ես կարծում էի, մեր իշխանությունները կկարողանան ձևավորել այնպիսի Սահմանադրական դատարան, որը միանշանակ կվայելի հանրության վստահությունը, բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն դատարանը, որը ձևավորվելու է, չի ունենալու վստահության այն պաշարը, որը մենք ցանկանում էինք, «Ա1+»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուները չեն տեղավորվում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության համատեքստի մեջ և դեմ են այդ համատեքստին։

Իրավապաշտպանն արձանագրում է․

«Դատավորների առաջադրումը եթե տեղավորվում է նրանց տրամաբանության մեջ, ապա կառավարության առաջադրումը Կառավարության տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Հարությունյանը պնդում է՝ բոլոր հնարավորությունները կային ձևավորելու վստահելի Սահմանաադրական դատարան․

«Մենք ունեցել ենք և ունենք փայլուն իրավաբաններ, կային մարդիկ, ովքեր կարող էին և պետք է լինեին Սահմանադրական դատարանում, այլ կառույցներում, անունները հայտնի են հանրությանը, Կառավարությունում նույնպես գիտեն այդ անունները, բայց նրանք կանգ են առնում այսպիսի ընտրությունների վրա»։

Ինչ վերաբերում է Վահրամ Ավետիսյանի առաջադրման վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի հարազատների և իրավահաջորդների դժգոհություններին, Հարությունյանն ասում է․

«Երբ տեղի է ունեցել Մարտի 1-ը և դրան հաջորդած գործողությունները՝ քաղբանտարկյալներ, շինծու դատավարություններ, մեծ պատժաչափերով մարդկանց դատապարտումներ,  այդ շրջանում Ավետիսյանը եղել է իրավաբան, հայ հանրության մի մաս, բոլոր այդ տարիների և ամիսների ընթացքում նա երբևէ իր քաղաքացիական դիրքորոշումը չի հայտնել և իրեն դուրս է դրել մեր իրականությունից, և հանկարծ մեր իրականությունից իրեն դուրս դրած մարդը, մեր իրականության ամենալուրջ զարգացումներին մասնակցություն չբերած մարդը, մեր իրականության ամենալուրջ զարգացումներին մատների արանքով , արհամարհանքով նայող մարդը դառնալու է մեր Սահմանադրական դատարանի դատավորը»։

Հարությունյանի խոսքով՝ համակարգային փոփոխություններ դատական համակարգում չեղան, որովհետև հեղափոխական ուժերը դադարեցին լինել հեղափոխական։