04.08.2020 12:33

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը որոշել է հեռանալ երկրից

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը որոշել է հեռանալ երկրից

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որի նկատմամբ հետաքննություն է ընթանում կոռուպցիայի մեղադրանքով, հայտարարել է, որ որոշել է լքել երկիրը։ Նախկին միապետն իր այդ որոշման մասին հայտնել է որդուն՝ ներկայիս արքա Ֆիլիպ VI-ին ուղղված նամակում։

82-ամյա Խուան Կառլոսը պարզաբանել է, որ Իսպանիան լքում է «այն հանրային արձագանքի ֆոնին, որն ստեղծում են անցյալում իմ անձնական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձություններ»։

Խուան Կառլոսը հիշեցրել է, որ արդեն որոշել էր հրաժարվել հասարակական գործունեությունից, բայց հիմա ստիպված է ավելի հեռուն գնալ։

«Մեկ տարի առաջ ես քեզ հայտնեցի պաշտոնական գործունեությունս դադարեցնելու իմ ցանկության մասին։ Այժմ, առաջնորդվելով ուժերիս ներածի չափ իսպանական ժողովրդին, նրա ինստիտուտներին և քեզ՝ որպես թագավորի  ծառայելու մղումով, ես տեղեկացնում եմ Իսպանիայի սահմաններից տեղափոխվելու իմ լավ կշռադատված որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոսը։

Առայժմ չի հաղորդվում, թե հատկապես երբ է նախկին թագավորը հեռանալու Իսպանիայից, և ո՛ր պետությունում է նա մտադիր հանգրվանել։ Ei Mundo թերթը գրել է, որ նախկին միապետն արդեն մեկնել է Իսպանիայից, բայց այս տվյալն այլ աղբյուրներով հաստատված չէ։

Փոխանցում է BBC-ն։