04.08.2020 13:49

Խուան Կառլոս I-ը Դոմինիկյան Հանրապետությունում է

Խուան Կառլոս I-ը Դոմինիկյան Հանրապետությունում է

Գահից հրաժարված Խուան Կառլոս I-ը, որ հայտարարել էր Իսպանիայից հեռանալու մասին, արդեն իսկ Դոմինիկյան Հանրապետությունում է։ Այդ մասին այսօր հաղորդել է ABC թերթը։

Պարբերականի տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը դեռ հանգստյան օրերին  մեկնել է Գալիսիա, ապա այնտեղից հասել է Պորտու, որտեղից էլ ինքնաթիռով ուղևորվել է Դոմինիկյան Հանրապետություն։

Ամենայն հավանականությամբ՝ Խուան Կառլոսն ընդունել է իր բարեկամների բազմաթիվ հրավերներից մեկը։ Հայտնի չէ, գրում է թերթը՝ արդյո՞ք այդ երկիրը կդառնա նրա վերջնական հանգրվանը։ Թերթի վարկածով՝ պետության նախկին ղեկավարն ասել էր, որ եթե ստիպված լինի հեռանալ Իսպանիայից, ապա կմեկնի Նոր Զելանդիա։

Իր հերթին՝ պորտուգալական TVI հեռուստաալիքը հավաստիացնում է, որ Խուան Կառլոսը Էշտորիլ բնակավայրում է գտնվում, որտեղ նրա մանկությունն է անցել։

El Confidencial թերթը չի բացառում, որ նախկին միապետը կարող էր մեկնել Իտալիա կամ Ֆրանսիա։

Փոխանցում է tass.ru-ն։