05.08.2020 10:17

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում որոտացած երկու հզոր պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, ավելի քան չորս հազար մարդ վիրավորվել է։

Այսօր առավոտյան դեպքի վայրում դեռ կրակի փոքր օջախներ կային, և նավահանգստի վրա ծուխ էր բարձրանում։

Պայթյունի հարվածն այնքան ուժգին է եղել, որ թվացել է՝ նավահանգիստը լրիվ ավերվել է։ Նավահանգստի մերձակա շրջանները նույնպես վնասվել են, շենքերի  բոլոր ապակիները կոտրվել են։ Իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, որովհետև փլատակների տակ դեռ մարդիկ են մնացել։

Կառավարության վարկածի համաձայն՝ պայթել է 2 750 տոննա  ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա), որն օգտագործվում է պայթեցման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև որպես ազոտային պարարտանյութ։

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ ձայնը լսվել է Կիպրոսում, որը Բեյրութից հեռու է 240 կիլոմետր։

Լիբանանի Կարմիր խաչը տեղեկացրել է, որ Բեյրութում հիվանդանոցները լեփ-լեցուն են։

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, նաև խոստացել է պայթյունի հետևանքները վերացնելու համար տրամադրել 100 միլիարդ  լիրա (66 մլն ԱՄՆ դոլար)։ Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի, իշխանություններին իրավունք է տրվել անվտանգությունն ապահովելու նպատակով օգտագործել բանակը։

Փոխանցում է BBC-ն։