05.08.2020 11:07

Աշոտ Սարգսյան․ Պատմությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է

Աշոտ Սարգսյան․ Պատմությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է

Պատմաբան Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է․

«Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի նախագծի առիթով ԳԱ Պատմության ինստիտուտի հայտարարության առանցքային միտքն այսպիսին է.

«Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է»:

Գրողը կարող է վեպ գրել, որը «հայրենասիրություն կդաստիարակի», ինչպես Րաֆֆին՝ «Սամվելը», Դեմիրճյանը՝ «Վարդանանքը»։ Բանաստեղծը կարող է գրել «հայրենասիրական» բանաստեղծություն, ինչպես՝ Միքայել Նալբանդյանը՝ «Ազատությունը»։ Երգահանը կարող է հայրենասիրական երգեր գրել...
Բայց պատմությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է։
Այն պետք է գրել այնպես, ինչպես եղել է՝ ՃՇՄԱՐԻՏ - մի չափորոշիչ, որ պատմաբանի համար դրել է պատմահայր Մովսես Խորենացին դեռ 5-րդ դարում։ Որեւէ այլ ելակետ՝ ներառյալ «ԲԱՐՁՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ»-ը (որ այս դեպքում «հայրենասիրական դաստիարակություն» են կոչում) ենթադրում է «պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիություն»՝ ինչը արձանագրում է մեր ամենանշանավոր պատմաբաններից ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը։
Իսկ ազգի, ժողովրդի, պետության համար չկա ավելի վնասակար ու վտանգավոր բան, քան պատմությունը նենգափոխելն ու կեղծելը։ Եվ ինչ ուղղությամբ էլ դա արվի՝ արդյունքը նույնն է՝ ինչպես ուսուցանում է գիտական հայ պատմագրությունը պատմահայր Մովսես Խորենացուց մինչեւ ակադեմիկոս Գագիկ Սարգսյան։