05.08.2020 11:58

ԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է անում պատվաստանյութի հարցում զգուշություն ցուցաբերել

ԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է անում պատվաստանյութի հարցում զգուշություն ցուցաբերել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելիս, ինչի մասին  այս շաբաթ հայտարարել են ռուսաստանյան իշխանությունները, զգուշություն ցուցաբերել։

Օգոստոսի սկզբին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն տեղեկացրել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են, և զանգվածային պատվաստումը կսկսվի արդեն հոկտեմբերին։ Սակայն երեկ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը, ի պատասխան ռուսստանյան պատվաստանյութի վերաբերյալ լրագրողների հարցի՝ ասել է․ «Գոյություն ունի միջազգայնորեն ընդունված պրակտիկա, և կան կանոններ։ Յուրաքանչյուր պատվաստանյութ  կամ բժշկական այլ դեղամիջոց, բնականաբար, պետք է տարբեր կլինիկական փորձարկումներ ու թեստեր անցնի և միայն դրանից հետո արտոնագիր կստանա և կարող է օգտագործվել»։

Ապա նա ավելացրել է․ «Մեծ տարբերություն կա ենթադրության կամ, հնարավոր է՝ աշխատող պատվաստանյութի և բոլոր փուլերն անցնելու միջև»։

Ռուսաստանում արտադրվող պատվաստանյութը, որը մշակել են Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, ԱՀԿ-ի թվարկած՝ երրորդ փուլի կլինիկական փորձարկումներ անցած վեց պրեպարատների շարքում չէ։

Փոխանցում է BBC-ն։