06.08.2020 11:00

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի

Բեյրութում շարունակվում են փրկարարական աշխատանքները երեքշաբթի երեկոյան քաղաքային նավահանգստում որոտացած ավերիչ պայթյունի վայրում։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, չորս հազարից ավելի մարդ վիրավորվել է։ Սակայն զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ են մնացել։

Փորձագետների գնահատականներով՝ պայթյունի հզորությունը համապատասխանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորության մեկ տասներորդին։ Լրիվ ավերվել է ոչ միայն նավահանգիստը, այլև դրան հարակից թաղամասերը։ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդի խոսքով՝ առնվազն 300 հազար մարդ առանց տանիքի է մնացել։

Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառ է դարձել բռնկված կրակը նավահանգստի պահեստում, որտեղ պահվում է մոտավորապես վեց տարի առաջ ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինին պատկանող մոլդովական Rhosus նավից բռնագրավված ամիակային սելիտրան, որը նախատեսված էր Վրաստանից հասցնել Մոզամբիկ և օգտագործել պայթուցիկների արտադրության մեջ։

Լիբանանի բնակիչները, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում ծանր տնտեսական ճգնաժամի մեջ են, պնդում են, որ այդ ողբերգական միջադեպի համար մեղավոր է երկրի իշխող վերնախավը։ «Նրանք սպանել են մեր երազանքները և մեր ապագան։ Լիբանանը երկրային դրախտ էր, որը նրանք դժոխքի վերածեցին»,- France Presse-ի հետ զրույցում ասել է Բեյրութի բնակիչներից մեկը։

Փոխանցում է BBC-ն։