06.08.2020 11:22

Covid-19․ Եվրոպայում իրավիճակը վատթարանում է

Covid-19․ Եվրոպայում իրավիճակը վատթարանում է

«Վարակվածության աննախադեպ աճ»՝ այսպես է բնութագրել Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավարությունը վերջին 24 ժամերի ընթացքում արձանագրված վարակակիրների թիվը՝ 1 700 նոր վարակակիր։

Իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի խուսափեն կրկին կարանտին մտցնելուց, բայց առայժմ այդ ջանքերը չեն ազդում համաճարակի տարածման վրա։ Բոլոր առողջարանային քաղաքներում պարտադիր է դարձել դիմակ կրելը, նույնպիսի որոշում է կայացնելու Փարիզի քաղաքապետարանը, քանի որ ամենահայտնի թաղամասերում և Սենի առափնյակին ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահպանում։

Հարևան Իսպանիան նույնպիսի վիճակում է, համընկնում է նույնիսկ վարակվածների թիվը ու նաև այն, որ այդ թիվը ռեկորդային է՝ երկու ամիս առաջ մեկուսացման ռեժիմը չեղարկելու պահից ի վեր։

Բրիտանիան անցյալ շաբաթ պարտադիր կարանտին է սահմանել նրանց համար, ովքեր վերադառնում են Իսպանիայից, սակայն միջոցներ են ձեռք առնվում նաև տարածաշրջանի մակարդակով։

Գերմանիայում, որտեղ վարակակիրների թիվն անցել է 214 հազարից, դաշնային կառավարությունը վարակի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրներից վերադարձող ճանապարհորդներին պարտադրում է անալիզներ հանձնել։ Բացի այդ՝ իշխանությունները խնդրում են հետաձգել ուղևորությունը Բելգիա, քանի որ Անտվերպենում Covid-19-ի հզոր օջախ է առաջացել։

Փոխանցում է euronews-ը։