06.08.2020 12:02

«Կեղծ լուրեր կորոնավիրուսի մասին»․ Facebook-ն ու Twitter-ը «պատժում» են Թրամփին

«Կեղծ լուրեր կորոնավիրուսի մասին»․ Facebook-ն ու Twitter-ը «պատժում» են Թրամփին

Facebook ընկերությունն առաջին անգամ միջամտել է ԱՄՆ նախագահի պաշտոնական էջի բովանդակությանը, իսկ Twitter-ն առհասարակ Թրամփի նախընտրական շտաբին զրկել է նոր լուրեր տեղադրելու իրավունքից՝ հայտարարելով, որ Սպիտակ տան ղեկավարը կեղծ լուրեր է տարածում կորոնավիրուսի մասին։

Հեռացված հաղորդագրությունը հղում է պարունակել նախագահի՝ հեռուստատեսությանը տված մի հարցազրույցին, որում Սպիտակ տան ղեկավարը հայտարարում է, թե ինքը շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ում բացվեն բոլոր դպրոցներ, քանի որ, իր կարծիքով՝ երեխաները «գրեթե կատարյալ իմունիտետ  ունեն» կորոնավիրուսից։

Անցյալ շաբաթ էլ, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը ևս մի այդպիսի հայտարարություն է արել․ «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, երիտասարդ մարդիկ այդ հիվանդությունից գրեթե լիակատար իմունիտետ ունեն։ Ինչքան փոքր՝ այնքան լավ։ Նրանք ուժեղ են, և նրանց իմունային համակարգն էլ է ուժեղ»,- ասել է նա։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝  այս շաբաթվա կեսերին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 157 հազար մարդ, ընդ որում՝ այդ վիճակագրության մեջ կան բոլոր տարիքի մարդիկ, այդ թվում՝ անչափահասներ և նորածիններ։ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի պաշտոնական կայքում հատուկ ընդգծվում է, որ երեխաները, ճիշտ՝ ինչպես մեծահասակները, ենթակա են վիրուսով վարակվելու վտանգին։

Twitter ընկերության ներկայացուցիչ Լիզ Քելլին նույնպես հայտարարել է, որ Թրամփի նախընտրական շտաբի հրապարակած լուրը խախտում է սոցցանցի կանոնները, և շտաբի պաշտոնական էջը կարգելափակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հաղորդագրությունը չի հեռացվել։

Փոխանցում է BBC-ն։