06.08.2020 13:43

Իրավապաշտպաններ․ Բելառուսի ընտրատեղամասերում ձերբակալում են անկախ դիտորդներին

Իրավապաշտպաններ․ Բելառուսի ընտրատեղամասերում ձերբակալում են անկախ դիտորդներին

Բելառուսում չգրանցված «Весна» կենտրոնի իրավապաշտպանները հայտարարել են պետության ղեկավարի ընտրությունների վաղաժամկետ քվեարկության ընթացքում անկախ դիտորդների զանգվածային ձերբակալությունների մասին։

«Ընտրատեղամասային հանձնաժողովները միլիցիա են կանչում՝ իբր դիտորդները խանգարում են իրենց աշխատել։ Որոշ տեղամասերում դիտորդներին տարբեր պատրվակներով, նաև միլիցիայի կողմից ուժ գործադրելու սպառնալիքով զրկում են ընտրատեղամասում մնալու և քվեարկության ընթացքին հետևելու հնարավորությունից»,- ասվում է հինգշաբթի օրը իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նրանց տեղեկատվության համաձայն՝ հաճախ անկախ դիտորդներին թույլ չեն տալիս մտնել այն տեղամասերը, որտեղ նրանք հավատարմագրված են։ Եթե դիտորդներն անհամաձայնություն են հայտնում դրան, ապա միլիցիայի աշխատակիցներ են կանչվում, որոնք էլ դիտորդներին տանում են բաժին՝ արձանագրություն կազմելու համար։ Իրավապաշտպանները նշում են, որ բերման ենթարկվածներին հիմնականում պատժում են պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ վարչական կալանք։

Փոխանցում է tass.ru-ն։