07.08.2020 09:00

Աշոտ Սարգսյան. Սերունդ կրթող, բայց անտեղյակ ամբիոնի վարիչը

Աշոտ Սարգսյան. Սերունդ կրթող, բայց անտեղյակ ամբիոնի վարիչը

Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին արձագանքել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը (168.am): Ամենևին մտադիր չլինելով հակադարձելու վերջինիս, այսպես կոչված՝ քննադատությանը, ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել միայն մեկ հանգամանքի վրա: Մովսիսյանը մի քանի անգամ հեգնանքով շեշտում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բանասեր է՝ այդու ակնարկելով, որ նա իրավունք չունի դատողություններ անել պատմության մասին: Ի ցավս Մովսիսյանի՝ Տեր-Պետրոսյանը ոչ միայն բանասեր է, այլև ճանաչված աղբյուրագետ-պատմաբան: Եթե ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը տեղյակ չէ այս փաստին, դա արդեն կրկնակի ցավ ու դժբախտություն է, մանավանդ պատմության ֆակուլտետի ուսանողների համար: Չծավալվելով՝ ստորև ներկայացնում եմ մի շարք անվանի պատմաբանների կարծիքները Լևոն Տեր-Պետրոսյան պատմաբանի մասին` քաղելով դրանք «Գիտնականը և Նախագահը. Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Անտարես, Երևան, 2019» գրքից:

 

 

ԱՐՄԵՆ-ԿԼՈԴ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Ոչ վաղ անցյալում էր միայն, որ Արեւմուտքում հրապարակվեցին Կիլիկյան Հայաստանին նվիրված ամբողջական ուսումնասիրություններ (Բակուրան, Յորգա, Ռուդ-Քոլլենբերգ, Հելլենկեմպեր, Բոուզ, Էդվարդս, Մութաֆյան, Տետեյան), երբեմն ընդգրկված ավելի ընդարձակ աշխատություններում (Մորգան, Գրուսե, Բաստրմաջյան, Տեր-Ներսեսյան, Տետեյան, Մութաֆյան, Ադամյան)։ Խորհրդային Հայաստանն այս առումով շատ ետ էր մնում. միակ հատուկ ուսումնասիրությունը ռուսերենով հրատարակվել է 1952 թվականին եւ հայերեն թարգմանվել միայն 2007-ին (Միքայելյան)։ Թեեւ անառարկելիորեն լուրջ հայերեն աշխատություններ գոյություն ունեն (Բոռնազյան, Զուլալյան, Սուքիասյան, Բոզոյան), սակայն հարկ է արձանագրել, որ Կիլիկիային նվիրված հետազոտությունները, անկասկած, նոստալգիկ ծավալապաշտական զգացմունքներ չառաջացնելու գաղափարախոսական նկատառումով, Խորհրդային շրջանի վերջին տարիներին մղված էին երկրորդ պլան։ 1991-ին հռչակված անկախությունից ի վեր դրանք ակնհայտորեն նշանակալի թափ են հավաքել Հայաստանի նոր հանրապետությունում (Բոզոյան, Տեր-Ղեւոնդյան), որոնց գլուխգործոցն է հանդիսանում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2007 թվականին հրատարակված հոյակապ աշխատությունը (էջ 39-40)։

 

***

 

ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆ

Բյուզանդագետ, հայագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Սիրելի Լեւոն, սրտանց շնորհավորում եմ փայլուն աշխատությունդ։ Այն իր արժանի եւ մնայուն տեղը կգրավի Կիլիկիայի հայկական պետության պատմության լավագույն ուսումնասիրությունների շարքում։...

Ես միշտ ասել եմ եւ հիմնավորել, որ Կիլիկիան ունեցել է փայլուն դիվանագիտություն, որի շնորհիվ գոյատեւել է 300 տարի, այսինքն այնքան, ինչքան Արշակունիները, երկու անգամ ավելի, քան Բագրատունիներն ու Արծրունիները, որոնք մեկ թշնամի ունեին՝ Բյուզանդական կայսրությունը։ Կիլիկիան` մեկ տասնյակ։ Արդ, քեզ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանիդ, մնում է ձեռնամուխ լինել գրելու «Կիլիկիայի հայկական պետության դիվանագիտության պատմությունը», քեզնից լավ ոչ ոք չի անելու։...

Սիրելի Լեւոն։ Եթե դեռ չես մտածել, ապա վատ չի լինի, կրկնում եմ, ձեռնամուխ լինես «Կիլիկյան Հայաստանի դիվանագիտության պատմությունը» գրելու։ Ջերմագին բարեւներով եւ անկեղծ բարեմաղթություններով, Հրաչ (էջ 37)։

 

***

 

ԺԻՐԱՅՐ ՏԵՏԵՅԱՆ

Ֆրանսահայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, Մոնպելիեի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

 

Մեծայարգ Տիար Նախագահ, Երեւան եկայ Մոնփըլիէի եւ Երեւանի պետական համալսարանին միջեւ համագործակցութեան երեսունամեակին առիթով, դժբախտաբար չափազանց քիչ ժամանակ մնալով։ Կ՚ուզէի ձեզի ըսել, որ բոլոր ջանքերս պիտի թափեմ, որպէսզի ձեր (Խաչակիրները եւ հայերը) հրաշալի ուսումնասիրութեան երկրորդ հատորը թարգմանուի.– Geuthner հռչակաւոր հրատարակչութեան տան մօտ «Orient chrétien médiéval» (խորագրով) հաւաքածոյ (մատենաշար) մը կը ղեկավարեմ, Professeur Isabelle Augé-ի հետ։ Միակ խնդիրն է ֆինանսական միջոցներ գտնեմ թարգմանութեան համար.– Ձեզ տեղեակ պիտի պահեմ։ Անկեղծ յարգանօք եւ հաւատարիմ բարեկամութեամբ մնամ Ձերդ՝ Ժիրայր Տէտէեան (էջ 41)։

 

***

 

ԱԶԱՏ ԲՈԶՈՅԱՆ

Հայագետ-բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր

 

Մեր առջեւ է հսկայածավալ մի հետազոտություն, ուր միջնադարագետ-պատմաբանի, աղբյուրագետի եւ քաղաքագետի տեսանկյունից վերարծարծված են Կիլիկիայի հայկական պետության պատմության բազմաթիվ խնդիրներ առաջարկված թեմայի շրջանակներում, քննարկված են մինչեւ այս ուշադրության չարժանացած հարցեր։ Մեր կողմից աշխատության մանրամասների քննարկումը նպատակ ուներ հետազոտողների ուշադրությունը հրավիրել առանձին հարցերի լուծումների վրա։ Կատարված դիտողությունները վերաբերում են աշխատության դետալներին եւ ցույց են տալիս հսկայածավալ այն աշխատանքի կարեւորությունը, որով Լեւոն Տեր-Պետրոսյանն իր լուման է դնում Կիլիկյան Հայաստանի պատմության քննարկված հիմնախնդիրների պարզաբանման մեջ։ Աշխատության յուրաքանչյուր տողում իրար են լրացնում վաստակաշատ աղբյուրագետ-պատմաբանն ու հսկայական փորձ ունեցող քաղաքագետը՝ հեղինակին հատուկ բյուրեղացած հայերենով ու հատու գրչով (էջ 51-52)։

 

***

 

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՑ

Պատմական գիտությունների դոկտոր

 

Մեծարգո Տիար Լեւոն Տեր-Պետրոսյան, անկեղծ լինելով պետք է ասեմ, որ մի քանի տարի առաջ խորությամբ ուսումնասիրեցի Ձեր «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունը։

Իմ խորին համոզմամբ` Ղեւոնդ Ալիշանի «Սիսուան»-ից հետո Ձեր աշխատությունը ամենաարժեքավոր եւ աչքի ընկնող աշխատությունն է, որը վերակենդանացնում է անդարձ կորսված հայերի ժամանակավոր օրրան Կիլիկյան Հայաստանը։

Ընթերցելով Ձեր աշխատությունը՝ հայտնվում ես միջնադարյան Հայոց Կիլիկիայում եւ մասնակցում պատմական անցուդարձին եւ ապրում միջնադարյան կիլիկեցիների, հարեւան ժողովուրդների եւ խաչակիրների կյանքով։ Եւ այդ զգացողության համար ցանկանում եմ հայտնել Ձեզ խորին շնորհակալություն (էջ 52):