07.08.2020 10:52

Լեհաստանի իշխանությունները բնակչությանը հորդորում են զգուշանալ «բիոահաբեկչությունից»

Լեհաստանի իշխանությունները բնակչությանը հորդորում են զգուշանալ «բիոահաբեկչությունից»

Լեհաստանի ոստիկանությունը դիմել է հանրապետության քաղաքացիներին՝ խնդրելով իրավապահ մարմիններին տեղյակ պահել Չինաստանից սերմեր պարունակող կասկածելի ծանրոց ստանալու դեպքում։

Այդ մասին Լեհաստանի մամուլի գործակալությանը հայտնել է ոստիկանության գլխավոր վարչության մամուլի քարտուղար Մարիուշ Չարկան։ Նման ծանրոցներ ստացվելու մասին տեղեկացրել է Լեհական հանրային հեռուստատեսությունը։ Իշխանությունները նաև խորհուրդ են տալիս ոչնչացնել կասկածելի սերմերը, հաղորդում է ТАСС-ը։

Բույսերի և սերմերի առողջության պահպանության պետական ծառայությունն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել Չինաստանից ստացվող չպիտակավորված սերմերով ծանրոցների  մասին։ «Սկզբում նման ծանրոցներ ստացվել են ԱՄՆ-ում, հետո դրանք հասել են Եվրոպա, հիմա էլ՝ Լեհաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չարկայի խոսքով՝ մինչ այժմ ոստիկանությունը քաղաքացիներից տեղեկություններ չի ստացել Չինաստանից սերմեր ստանալու վերաբերյալ։ Մինչդեռ լեհական հեռուստատեսությունը տեղեկացրել է նման դեպքերի մասին և ընդգծել, որ նման ծանրոցներ ստացած քաղաքացիներն այդ երկրից ոչինչ չեն պատվիրել։

Փոխանցում է newsru.com-ը։