10.08.2020 11:49

Բեյրութ․ Ցույցեր և ամբողջ աշխարհի աջակցությունը

Բեյրութ․ Ցույցեր և ամբողջ աշխարհի աջակցությունը

Բեյրութի կենտրոնում վերսկսվել են բախումները ցուցարարների և ուժային կառույցի աշխատակիցների միջև։

Ոստիկանությունն սկսել է կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ՝ ցուցարարներին ցրելու համար։

Ցուցարարները պահանջում են նախագահի և վարչապետի հրաժարականը, արտահերթ ընտրություններ և Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հանգամանքների թափանցիկ հետաքննություն։

Երկրում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ հրաժարական են տվել շրջակա միջավայրի և վարչական զարգացման գծով նախարար Դամիանոս Քաթթարը և տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։

Իսկ այդ ընթացքում Բեյրութի նավահանգստում շարունակվում են որոնողական և փրկարարական աշխատանքները պայթյունի վայրում, որի զոհ է դարձել 150-ից ավելի մարդ, 5 հազարից ավելին վիրավորվել է, ավելի քան 300 հազարը մնացել են առանց ծածկի, տասնյակ մարդիկ էլ համարվում են անհայտ կորած։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի գլխավորությամբ կիրակի օրը կայացած տեսակոնֆերանսում մասնակիցները, այդ թվում՝ Կարմիր խաչը, Եվրամիության երկրները, ԱՄՀ-ն, Քաթարը և այլք, խոստացել են օգնության կարգով Լիբանանին հատկացնել 250 մլն եվր ։ Նախնական գնահատականներով՝ պայթյունի հետևանքով Բեյրութին հասցված վնասը կազմում է առնվազն 15 մլրդ եվրո։

Փոխանցում է euronews-ը։