Նիգերում ֆրանսիացի զբոսաշրջիկներ են սպանվել

Նիգերի հարավ-արևմուտքում 8 մարդ դարձել է զինված հարձակման զոհ։ Նրանցից վեցը ֆրանսիացի զբոսաշրջիկներ են, զոհվել են նաև տեղացի զբոսավարը և վարորդը։ Այդ մասին տեղեկացրել է ֆրանսիական «Le Monde»-ը։
Պաշտոնական տվյալներով՝ հարձակվողները շրջապատել են զբոսաշրջիկներին տեղափոխող մեքենան և գնդակոծել, ապա` հրկիզել։
Հարձակումը տեղի է ունեցել Կուրե արգելոցում՝ այն շրջանում, որտեղ հատվում են երեք երկրների՝ Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանները։
Արգելոցը հայտնի է իր ընձուղտներով, սակայն երեք տարի առաջ այնտեղ արտակարգ դրության ռեժիմ է մտցվել՝ մի քանի իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ «Բոկո Հարամի» և «Իսլամական պետության» գրոհայինների ակտիվ գործողությունների պատճառով։
Փոխանցում է euronews-ը։