Լիբանանում պայթյունի զոհերի թիվն անցել է 200-ից, կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, հայտարարել է երկրի վարչապետ Հասան Դիաբը։
Կառավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին Բեյրությում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև․ վերջիններս պահանջել են կառավարության հրաժարականը։
Երկուշաբթի Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը տեղեկացրել է, որ Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի, 110 հոգի մինչև հիմա համարվում են անհայտ կորած։
Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է կառավարության հրաժարականը և նախարարներին խնդրել է շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր կառավարություն ձևավորվի։
Փոխանցում է BBC—ն։